Թե ինչպես սագերը փրկեցին հավերժական քաղաք Հռոմը


21:00 , 4 դեկտեմբեր, 2017

«Սագերը փրկեցին Հռոմը» հայտնի արտահայտությունը լսելիս հարուստ երևակայություն ունեցող մարդը կարող է պատկերացնել, թե ինչպես են սագերը, զինված թրերով և վահաններով, պաշտպանում Հավերժական քաղաքը: Սակայն, իհարկե, ամեն ինչ այդպես չի եղել:

«Սագերը փրկեցին Հռոմը» արտահայտությունը սկիզբ է առել հռոմեացի պատմաբան Տիտա Լիվիայի «Քաղաքների հիմնադրման պատմությունը» աշխատությունում: Մ.թ.ա. V դարում Հռոմը մեկն էր այն բազմաթիվ քաղաքներից, որոնք պայքարում էին արեգակի տակ տեղ զբաղեցնելու համար: Հաղթանակներն ու պարտությունները հաջորդում էին միմյանց, և մի անգամ էլ հռոմեական զորքը ճնշվեց գալլերի զորքի կողմից: Նահանջող հռոմեացիները փորձում էին պաշտպանել քաղաքը, սակայն գալլերը գրավեցին պարիսպները, իսկ այդ պարիսպների պահապանները ստիպված եղան ապաստան գտնել Հռոմի Կապիտոլիում բլրի գագաթին գտնվող Յուպիտերի տաճարում, որը ծառայում էր Սենատի և ժողովրդական հավաքների համար: Տաճարը գրավելը հեշտ չէր, քանի որ պատերը բարձր էին: Գալլերը շատ անգամներ փորձեցին բարձրանալ պատերի վրա, սակայն ամեն անգամ նահանջում էին՝ մարդկային կորուստներ կրելով: Այդ ժամանակ էր, որ բարբարոսները որոշեցին խորամանկության դիմել: Մի քանի օր շարունակ նրանք հռոմեացիներին պահեցին խիստ լարվածության մեջ՝ չհեռանալով պատերի տակից՝ միևնույն ժամանակ հարձակում չգործելով: Վերջապես եկավ մի գիշեր, երբ գալլերը հեռացան պատերի տակից, իսկ հռոմեացի պահապանները հանգիստ խղճով միանգամից գնացին քնելու: Երբ ամբողջովին մութ էր, բարբարոսներն առանց որևէ շշուկի նորից սկսեցին բարձրանալ պատերով դեպի վեր՝ կանգնելով միմյանց վահանների վրա: Հակառակորդներն արդեն գրեթե հասել էին պատի ամենաբարձր կետին, երբ Յուպիտերի տաճարի հարևանությամբ ապրող սագերը բարձր ձայներ սկսեցին արձակել: Աղմուկի արդյունքում արթնացան հռոմեացիները և միանգամից հասան պատերի մոտ, որտեղ էլ դաժան մարտ սկսվեց: Վերջիվերջո, գալլերի հարձակումը ետ մղվեց, իսկ օրեր անց հռոմեացիներին օգնական զորք ուղարկվեց: Գալլերը ստիպված էին վերջնականապես նահանջել: Այդ ժամանակից ի վեր սագերը Հռոմում սկսեցին համարվել սուրբ կենդանիներ, իսկ Հավերժական քաղաքի փրկության մասին իմացան աշխարհում բոլորը: