Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի տեսահոլովակի նկարահանման բացառիկ լուսանկարները՝ BlogNews.am-ի ֆոտոշարքում


12:00 , 1 դեկտեմբեր, 2017

Exclusive

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը երկար դադարից հետո վերադառնում է երգարվեստ՝ իր վերադարձն ազդարարելով նոր տեսահոլովակով, որի նկարահանման հրապարակում բացառիկ կարգով ներկա է եղել BlogNews.am-ը: Ի դեպ՝ տեսահոլովակի անակնկալներից մեկն էլ Դավիթ Աղաջանյանի ներկայությունն է, ով առաջին անգամ ներկայանում է երգչի կարգավիճակով: 

«Այս երգը մոտ երեք տարի առաջ ինքս եմ գրել, կոչվում է «Մեկ վայրկյան»։ Խոսքերի հեղինակը Վարդան Սմբատյանն է։ Երգը սիրո մասին է, մեղեդային է, զուրկ ավելորդ տառապանքից»,- պատմում է Աննան և ավելացնում, որ մի քանի օրվա ընթացքում են նախապատրաստվել տեսահոլովակի նկարահանմանը: 

Տեսահոլովակի ռեժիսորն է Արսեն Երեմյանը, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, գործիքավորումը՝ Կարեն Զաքարյանի և Տիգրան Ավետիսյանի. «Սյուժեն շատ բարդ ենք որոշել։ Նախ՝ այսօր ոչ մեկին ոչնչով չես զարմացնի, իսկ մենք ուզում էինք՝ ամեն ինչ լիներ մինիմալիստական ոճում՝ նուրբ և գեղեցիկ»: 

Տեսահոլովակի նկարահանման առաջին մասը ձիարշավարանում է, որտեղ Դավիթը և Աննան նկարահանվում էին միասին: Աննան խոստովանում է, որ առաջին անգամ էր ձիու հետ այսքան մոտիկից շփվում: Ի դեպ՝ մեզ հետ զրույցում Աննան նշեց, որ երգը որոշել էր դուետ տարբերակով ներկայացնել, բայց իր հետ միասին առաջարկել է երգել սիրելիին՝ Դավիթին. «Նա լավ ձայն ունի, բայց միշտ քաշվում էր ցույց տալուց, սակայն մինչ տեսահոլովակի նկարահանումը պարապել ենք միասին: Ճիշտ է, չէր ուզում, բայց ինձ հաջողվեց նրան համոզել: Արդյունքում միասին ներկայացանք, կարծում եմ՝ հանդիսատեսին դուր կգա»:

Աննան խոստովանում է, որ շատ էր կարոտում երգարվեստը և նոր աշխատանք ներկայացնելը դրա արդյունքն էր. «Շատ շուտվանից ես ունեի նպատակ տեսահոլովակ ներկայացնելու, Դավիթն էլ ասում էր՝ դրա ժամանակն էլ կգա, շտապել պետք չէ: Իհարկե, կուզեմ հաջորդիվ նոր աշխատանքներ ներկայացնել, բայց դրանք ավելի շատ կլինեն իմ և իմ հանդիսատեսի համար, քանի որ Դավիթն ինձ թույլ չի տալիս ակումբներում երգել:»,- եզրափակեց Աննան։

IMG_32 copyIMG_26 copyIMG_27 copyIMG_29 copyIMG_30 copyIMG_33 copyIMG_35 copy                                                              Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

   Լուսանկարները` Շաքե Արմենիի