Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «ԷԽՈ» ՀԿ-ի տարվա ամփոփիչ գալա համերգը: «Իմ ապագան քո արձագանքն է» խորագրով երեկոն համախմբել էր սիրված և ճանաչված երգիչ-երգչուհիներ Հասմիկ Կարապետյանին, Արսեն Գրիգորյանին, Արամ MP3-ին, Նառային, Էրիկին, Գոհար Հովհաննիսյանին, Նարե Գևորգյանին, Մաշա Մնջոյանին, Շուշան Տոնոյանին և այլոց: Համերգը վարեցին Լուսինե Բադալյանն ու Ժակը, իսկ ահա երեկոյի հումորային հատվածն ապահովեց դերասան Հայկ Պետրոսյանը։
Համերգը բազմաժանր էր՝ փոփից մինչև ժողովրդական։ Արտիստներից յուրաքանչյուրը երկուական երգ կատարեց: Հանդիսատեսի շարքում այս անգամ մեծահասակներից շատ երեխաներ էին: Նրանք ուրախ ու հետաքրքիր ժամանակ անցկացրին: Բարեգործական միջոցառման տոմսերի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական վերականգնումը և ներառումը ապահովող այլընտրանքային կենտրոնի բացմանը:
«ԷԽՈ» հասարակական կազմակերպությունն իր օժանդակության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող շուրջ 200 երեխաներին տրամադրում է սայլակներ, քայլակներ, խնամքի պարագաներ և անհրաժեշտ այլ օժանդակ սարքավորումներ: Այս անհրաժեշտ պարագաները նպաստում են հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական ներառմանը և վերականգնմանը:
Այս համերգը «ԷԽՈ»-ի կազմակերպած առաջին միջոցառումը չէ։ Հայաստանում եւ հայաշատ քաղաքներում նրանք իրականացնում են «Իմ ապագան քո արձագանքն է» խորագրով միջոցառումների շարք` բարեգործական համերգներ, երեկոներ, ֆլեշմոբներ եւ այլ միջոցառումներ:
Երեկոյի վերջում «ԷԽՈ»-ի կողմից հանձնվել են շնորհակալագրեր՝ վերականգնողական կենտրոնի աջակցման ու հանրային իրազեկման բարձրացման համար և ավարտին բեմ հրավիրել կազմակերպության անդամներին։