50 տարի առաջ այս օրը Ծիծեռնակաբերդի բարձունքում պաշտոնապես բացվեց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը


11:29 , 29 նոյեմբեր, 2017
50 տարի առաջ՝ 1967 թ. նոյեմբերի 29-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես բացվեց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը: Հուշահամալիրն իրավամբ համարվում է գլխավորն ու ամենատպավորիչը հարյուրավոր այլ համանման հուշարձանների շարքում: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որքան էլ որ տարօրինակ է, բազմազան քաղաքական կուսակցություններով, եկեղեցիներով ու տարատեսակ այլ շահերով բաժան-բաժան եղած հայ ազգին միավորող միակ խորհրդանշանն է այսօր: 
Տասնմեկ տարվա ընթացքում հարյուրավոր անգամ քայլել եմ դեպի հավերժական կրակը, գլուխ խոնարհել, ծաղիկ դրել, բարձրաստիճան բազմաթիվ հյուրեր ուղեկցել ու … ապրել Ծիծեռնակաբերդով: Ապրել Ծիծեռնակաբերդով նշանակում է խոսել Նրանցից յուրաքանչյուրի հետ, հնչեցնել Նրանց անունները, նայել Նրանցից յուրաքանչյուրի աչքերին ու… փորձել մեղանչել այսօրվա իրականության համար: Վերջինն ամենածանրն ու անհաղթահարելին է եղել ինձ համար…
Իսկ առաքելությունը շարունակվելու է, քանզի Ծիծեռնակաբերդով ապրելը չի սահմանափակվում որևէ ժամկետով կամ այլոց որոշումներով…