Բախտ էր, որ տեղ հասա


15:03 , 20 ապրիլ, 2013

Մի քանի օր առաջ ինձ բախտ վիճակվեց նստել հ-487 երթուղայինը Երևան-Արգավանդ- Ազատաշեն-Գեղանիստ-Խաչպար-Հայանիստ-Հովտաշատ-Գայ-Հայկաշեն-Կայարան-Ջրառատ: Նախ ասեմ, որ մի կերպ կանգնած տեղավորվեցի: Չեմ կարող ասել, թե ում որ մասը որ մասին էր հազիվ տեղավորվել: Հաշվեցի՝ 28 հոգի մարդ կար: Ու սկսվեց ամենահետաքրքիրը-անհասկանալի լեզվով ռաբիզ երաժշտություն շատ բարձր, այնքան,  որ ոչ ոք իրար չէին լսում, նույնիսկ վարորդը չէր լսում, երբ ասում էին՝ կանգառում կանգնի: Իհարկե, երբ ասեցին՝ «Չի՞ կարելի մի քիչ կամաց լսել», ստացան շատ «գրագետ» պատասխան՝ «Ձեռ չի տալի, մի նստեք»: Այդ ամբողջ ճանապարհին վարորդը երևի 5-7 րոպեն մեկ սիգարետ էր ծխում, էլ չեմ ասում համարյա չվերջացող հեռախոսազանգերը: Ճանապարհի կեսին բոլորս իջանք, քանի որ վարորդը ասաց, որ գազ պետք է լիցքավորի: Դե իհարկե դրանից հետո կարծես երթուղայինը փոքրացած լիներ-ավելի դժվարությամբ տեղավորվեցինք: Դրանից հետո չհասկացա, թե ինչն էր պատճառը, վարորդը հաջորդ կանգառում փոխվեց: Նրա փոխարեն նստեց մոտ 18-20 տարեկան մի տղա, ով, չեմ սխալվի ասել, ավելի քմահաճ էր վարում: Հավատացեք,  որ նման դեպքում տեղ հասնել նշանակում է՝ ինչ բախտ ունեի, որ տեղ հասա: Չեմ կարծում, թե երբևէ մեզ մոտ կլուծվի սպասարկման որակի խնդիրը, բայց կարծում եմ, որ կգա մի ժամանակ, երբ այդ վարորդները կհասկանան, որ իրենց տան, հացի ու ընտանիքի «ՊԱՀՈՂԸ» այդ նույն ուղևորներն են, և կսկսեն հարգանքով վերաբերվել: Այդ խնդիրը կա նաև մնացած բոլոր երթուղիներում: Ես արդեն 1 ամիս է օգտվում եմ հ-205 Երևան-Փարաքար-Արգավանդ-Թայրով-Մերձավան-Այգեկ-Բաղրամյան-Նորակերտ: Ի տարբերություն հ-487՝ հ-205 նստել կարող ես միայն սկզբի 3 կանգառներում: Ես մեկ ամսվա մեջ ընդամենը երկու անգամ եմ բախտ ունեցել նստել: Բայց երևի կգա մի օր, երբ պատասխանատուները կմտածեն այդ մասին: