09:50 , 20 ապրիլ, 2013
Նարինե , ուսուցչուհի, 45 տարեկան
«Երբ մարդկանց պատմում եմ իմ միայնակ կյանքի մասին, նայում են դեմքիս, գլուխները շարժում, բայց զգում եմ, որ ոչինչ էլ չեն պատկերացնում: Միայն միայնակ կինը կարող է հասկանալ, թե ինչ բան է հազարերորդ անգամ բացել բնակարանիդ դուռը եւ տեսնել ամեն ինչ այնպես, ինչպես դու ես թողել վերջին անգամ դուրս գալիս, տոն օրերին նսել միայնակ եւ նայել այդքան հարազատ պատերին: Լինել հիացած, հիասթափված, վիրավորված, երջանիկ կամ տխուր եւ ինքդ քեզ պատմել ապրումներիդ մասին. խելագարի պես ծիծաղել ու լացել մենակ: Իհարկե, ունեմ ընկերուհիներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ընտանիքն ու հոգսերը: Նրանց հետ էլ չեմ կարողանում երկար շփվել, քանի որ թեմաները միշտ պտտվում են ընտանիքի, երեխաների շուրջ. ինձ մնում է միայն լուռ հիշել, որ ես երբեք չեմ կարող երեխաներ ունենալ... »:
Նարինեն 2 անգամ ամուսնալուծվել է: Հիմա միայնակ է ապրում իր մեկ սենյականոց բնակարանում: Պնդում է, որ ճակատագիրն ամբողջ կյանքում անարդար է եղել իր հանդեպ: Ինչպես ինքն է ասում, «Երբեք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում չի հայտնվել»:
Ի տարբերություն Նարինեի` մասնագիտությամբ հոգեբան Սոֆին միայնակ մնալու պատճառներն իր մեջ փնտրեց և որոշ ժամանակ անց հաղթահարեց այն:
Սոֆի, հոգեբան, 30 տարեկան
«Ես 29 տարեկան էի, երբ իսկապես գիտակցեցի, որ միայնակ եմ: Սկսեցի նկատել հարազատներիս կարեկցանքով լի հայացքները, աշխատանքից հետո տուն չէի շտապում, քանի որ գիտեի, որ մայրս նորից նույն բաներն է ասելու: Ես փորձեցի սթափ գնահատել իրավիճակը: Մանկության տարիներին հնչած այս խոսքերը. «Այդ բնավորությամբ դու ոչ ոքի հետ յոլա չես գնա» կամ «Այդ կառուցվածքով քեզ ոչ ոք չի հավանի» և մի քանի անհաջողություններ գցել էին իմ ինքնագնահատականը, կարծում էի` արժանի չեմ սիրված լինելու: Բայց, լինելով հոգեբան, սկսեցի աշխատել ինքս ինձ վրա. առաջին հերթին սովորեցի գիտակցել սեփական անձիս կարևորությունը: Մարդիկ տարբեր խնդիրներով դիմում են ինձ, ուրեմն ես պետք եմ նրանց: Օրեցօր ես ավելի կենսուրախ եւ ինքնավստահ էի դառնում և մի ամենաանհավանական վայրում և պայմաններում հանդիպեցի նրան, ով նոր իմաստ հաղորդեց կյանքիս…»:
Հասմիկ, լրագրող, 32 տարեկան.
Հասմիկը նույնպես միայնակ է, բայց նա ոչնչից չի բողոքում, ասում է, որ ինքն է ցանկացել միայնակ մնալ: Չի ամուսնացել, քանի որ այդպես ավելի ազատ է ապրում և շատ ժամանակ է ունենում կարիերային նվիրելու համար, անկախ է, ավելի ինքնուրույն և ինքնավստահ: Զայրանում է, երբ հարցեր են տալիս անձնականի մասին և հետաքրքրվում, թե ինչու չի ամուսնանում: Հասմիկը կիսվեց, որ ամուսնական կյանքից և տղամարդկանցից հիասթափվել է դեռ մանուկ հասակից, երբ հայրը հարբած տուն է եկել և սկսել հայհոյել մորը: Հասմիկը կամ համոզնած էր, որ սիրելու և սիրված լինելու ցանկություն չունի (ինչն անհնար է ցանկացած կնոջ դեպքում), կամ էլ ինձ էր փորձում դրանում համոզել:
1. Հոգեբանները կանանց նմանապիպ խոսքերն ու վարքը այն հանգամանքով են բացատրում, որ նրանք ցանկանում են թաքցնել իրենց անպաշտպան լինելը, ամաչում են խոստովանել, որ ունեն հավատարիմ կողակցի կարիք: Եվ դա ամենաառաջին սխալն է, որը միայնության է դատապարտում կնոջը: , վատ տղամադիկ ավելի շատ են, քան լավերը, բայց նրանք կան, եւ դուք նրան կարող եք հանդիպել ամենաչսպասված ժամանակ և ամենաանհավանական տեղում:
2. Երբեք մի մտածեք, որ արժանի չեք սիրված լինելու: Եթե նույնիսկ ձեզ ասել են, որ դուք տգեղ եք կամ անհամերաշխ: Գնահատեք ինքներդ ձեզ և հաճախ կրկնեք. «Ես գեղեցիկ եմ, խելացի, տաղանդավոր, բարի..»: Գրեք ձեր լավագույն հատկանիշները մի թղթի վրա և անընդհատ աչքի առաջ ունեցեք այն:
3. Ձեր կողակցին մի վերաբերվեք իբրև սեփականության: Թողեք, որ նա իր տարածությունն ու ժամանակն ունենա, սեփական ընկերներն ու հետաքրքրությունների իր շրջանակը:
4. Գնահատեք նրա դերը ձեր կյանքում. հիշեք, որ ձեր ապրումները, հույզերը պետք է կիսեք առաջին հերթին նրա հետ, մի սպառեք ձեր էներգիան ծանոթների և ընկերների շրջապատում:
5. Մոռացեք այն մասին, որ դուք միշտ ճիշտ եք: Այդպես չի լինում: Սովորեք լսել և կարևորել նրա մտքերն ու կարծիքը:
Պատմությունը մի հետաքրքիր օրինաչափություն է ուրվագծել. ամենահետաքրքիր, ինքնավստահ, հմայիչ, խելացի կանայք հաճախ միայնակ են մնում: Պատճառը շատ պարզ է. նրանք լավ են գիտակցում իրենց արժեքը, տեսնում իրենց ուղղված հիացական հայացքներն ու խոսքերը և փնտրում են իրենց «արժանի» տղամարդու, իսկ քանի որ այդ արժանին անթերի է, երբեք էլ չեն գտնում նրան... Մոռանում են, որ խնդիրը ոչ թէ դիմացինի, այլ իրենց մեջ է: Այսպիսի կերպարի է անդրադարձել Տուրգենևը իր «Հայրեր և որդիներ» ստեղծագործության մեջ` Օդինցովայի կերպարը: Նա քաղցրաբարո կին էր, ով միատեսակ ազատ էր խոսում թե՛ հասարակ անցորդի և թե՛ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Շատ բան էր զգացել ու մտածել կյանքում: Միշտ վեհ, սառն ու խիստ էր դրսևորում իրեն, և ոչ ոք երբեք չէր էլ ենթադրում, որ շատ տղամարդկանց հիացմունքին ու պատկառանքին արժանացած Օդենցովան գիշերները բարձը գրկած լալիս է մթության եւ միայնության մեջ:
Իրական ուղիներ միայնությունը հաղթահարելու համար
1. Անպայման խոստովանեք, որ ձեզ պետք է կյանքի ընկեր. ձեզ համար, այլ ոչ թե ինչ-որ մեկին ապացուցելու, որ ուրիշներից վատը չեք:
2. Ընդունեք դիմացինի տեսակը, երբեք նրան մի համեմատեք և նմանեցրեք ձեր երազների ասպետին:
3. Գրեք թղթին այն, ինճ մտածում եք «Ինչու է ինձ անհրաժեշտ գտնել իմ կեսին» թեմայով:
4. Կյանքի ընկեր գտնելու ձեր մտադրության մասին հայտնեք ամենամտերիմ 3 մարդու:
5. Եղեք ինքնավստահ, բայց ոչ այնքան մեծամիտ, որ մոռանաք դիմացինի «ես»-ը ընդունելու եւ գնահատելու մասին:
6. Դուք արժանի եք սիրված լինելու:
Հիշեք, որ միայնությունը ժամանակավոր է, և եթե դեռ ոչ ոք չի նվաճել ձեր սիրտը, դա չի նշանակում, որ ոչ ոք չի ցանկանում դա անել: Մնում է՝ դուք որոշեք…
ԿԱՐԴԱ՛ ԱՎԵԼԻՆ