Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը


04:30 , 24 նոյեմբեր, 2017

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը, որը գործադիրին էր ներկայացրել ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Մեծածավալ նախագծում կարեւորագույն փոփոխություններից մեկը վերաբերում է հիփոթեքային վարկ ստացած անձանց եկամտահարկի վերադարձին: Գործադիրը որոշել է նվազեցնել ետ վերադարձվող գումարի չափը:

Այսօր գործող կարգավորումներով հիփոթեքային վարկավորման համար ետ վերադարձվող եկամտահարկի տրամադրման կարգը սահմանված է կառավարության 2015 թվականի 205 Ն որոշմամբ: 2018 թվականից գործողության մեջ մտնող «Հարկային օրենսգրքի» 160-րդ հոդվածը նույնպես եկամտահարկը ետ վերադարձնելու ընթացակարգ է սահմանում: Չնայած օրենսգիրքը դեռ ուժի մեջ չի մտել, սակայն, եթե ինչպես որ կար, այդպես գործեր, ապա 2018 թվականից հիփոթեքային վարկ ստացող քաղաքացիներն իրենց վերցրած վարկի տոկոսների չափով կկարողանային ստանալ եկամտահարկը:

Կառավարության այսօրվա որոշմամբ փոփոխության ենթարկվեց «Հարկային օրենսգրքի» հենց 160-րդ հոդվածը, որը գործելու է 2018 թվականի հունվարի 1-ից եւ տարածվելու է բոլոր այն վարձու աշխատողների վրա, որոնք ձեռք կբերեն բնակարաններ: Կառավարության առաջարկով ետ վերադարձվող եկամտային հարկի չափ սահմանվեց, որը նախկինում չկար: Այսինքն՝ այսօր մարդիկ ետ էին ստանում այնքան գումար, որը բավարար էր վարկի ամսական տոկոսները մարելու համար: Ետ էր վերադարձվում նաեւ բոլոր համավարկառուների եկամտահարկն այնքանով, որքանով կկարողանային մարել վարկի ամսական տոկոսագումարը: Մի խոսքով՝ վարկ վերցրած վարձու աշխատողները դժգոհ չէին:

Առաջարկվող փոփոխությամբ ետ վերադարձվող եկամտահարկը սահմանվել է ամեն ամսվա համար 500 հազար դրամի չափով: Այսինքն, եթե մարդիկ լինեն, որոնք մեծ մակերես ունեցող բնակարան կամ առանձնատուն են պատրաստվում գնել եւ իրենց ամսական տոկոսագումարը գերազանցելու է 500 հազար դրամը, ապա պետք է մտածեն մնացած գումարը հայթայթելու մասին, քանի որ ՊԵԿ-ն իրենց տալու է երեք ամսվա կտրվածքով ընդամենը 1.5 միլիոն դրամ եւ վերջ:

Նշենք, որ 2015 թվականից նորակառույց եւ կառուցվող շենքերում բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած վարձու աշխատողները կարողանում էին դիմում գրել հարկային մարմնին եւ ետ ստանալ իրենց աշխատավարձից գանձվող եկամտահարկը: Ետ ստացած գումարով նրանք կարողանում էին վճարել վարկի ամսական տոկոսները, եւ մտածում էին միայն վարկի մայր գումարի մասին: Սա շատ լավ լուծում էր՝ հաշվի չառնելով այն, որ կառավարությունն այս քայլին էր գնացել առաջին հերթին նորակառույց շենքերի չվաճառվող բնակարանների սպառման խնդիրը լուծելու համար:

Ի դեպ՝ հիփո­թեքա­­յին վարկի սպա­­սարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­կան անձի կողմից վճարված տոկոսների գումար­ների չափով եկամտային հարկից վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ անգամ: