Ռուսաստանը փորձում է առկա հիմնահարցերը կարգավորել տարածաշրջանի այլ դերակատարների աջակցությամբ


10:25 , 23 նոյեմբեր, 2017
Նկատվում է միտում, ըստ որի՝ տարածաշրջանային խնդիրները լուծվում են ոչ այնքան միջազգային մակարդակով, որքան տարածաշրջանի տերությունների ջանքերով։ Սա դրսևորվում է հատկապես Մերձավոր Արևելքի, հետխորհրդային տարածաշրջաններում։ Այս ուղղությամբ վերջին տարիներին առավել աչքի է ընկնում Ռուսաստանը, որը փորձում է առկա հիմնահարցերը կարգավորել տարածաշրջանի այլ դերակատարների աջակցությամբ։ Դա են հաստատում նաև ՌԴ, Իրանի ու Թուրքիայի ղեկավարների միջև վերջին հանդիպումը՝ սիրիական հարցում ձեռքբերված շոշափելի հաջողությունների արդյունքների ամփոփման նպատակով, այս հարցում ՌԴ-Իսրայել համագործակցությունը և կողմերի միջև մշտական կոորդինացման կապը։ Կարող ենք հաստատել, որ սիրիական ճգնաժամի հաղթահարման այս փուլում ռուսական կողմը հնարավորություն կունենա ավելի ազատ գործելու հատկապես հետխորհրդային ուղղությամբ՝ ակտիվացնելով իր քաղաքականությունը տարածաշրջանային հիմնահարցերի ու զարգացումների համատեքստում։ Դա նախևառաջ վերաբերում է ուկրաինական զարգացումներին, ռուս-վրացական հարաբերություններին, ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման, ինչպես և արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցերին։