Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ճիշտ օգտագործել մեր երկրի հնարավորությունները


18:37 , 19 ապրիլ, 2013

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանը կանգնեց շատ բարդ խնդիրների առջև: Այդ խնդիրները լուծելու համար մշակվեցին տարբեր քաղաքականություններ, որոնք սակայն քայքայված համակարգը չվերականգնեցին, անգամ ավելի սրեցին իրավիճակը: Պատճառներից մեկն այն էր, որ ընտրված տարբերակները սխալ իրագործվեցին, քանի որ ղեկավարությունը հաշվի չառավ երկրի սոցիալ-մշակութային գործոնները: Ուստի կարելի է ասել, որ անկախությունից հետո Հայաստանը հայտնվեց ավելի բարդ իրավիճակում: Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը փորձում է ոտքի կանգնել և լուծել իր առջև ծառացած հիմնախնդիրները, սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ճիշտ օգտագործել մեր երկրի հնարավորությունները: Երկիր են ներմուծվում արտասահմանում տարբեր բնագավառներում հաջողված քաղաքականություններ, և առանց հարմարեցվելու մեր սոցիալ-մշակութային արժեհամակարգին` ներդրվում են Հայաստանում («Բոլոնյան համակարգ» և այլն): 
Երևի թե բոլոր արտասահմանյան ծրագրերն էլ արդյունավետ են, սակայն անհրաժեշտ է ճիշտ կիրառել դրանք: Որպես կանոն՝ ինչ-որ համակարգ կամ օրենք ընդունելուց առաջ հարկ է նախ և առաջ մտածել՝ կա արդյոք հնարավորություն կամ միջոցներ իրագործելու այդ ամենը մեր երկրում: Մեզ մոտ տեղի է ունենում ճիշտ հակառակը: Սկզբում հաստատում են տարբեր համակարգեր և օրենքներ, այնուհետև նոր սկսում մտածել, թե ինչպե՞ս իրագործել առաջադրված պահանջները: Միգուցե արժե նախ հոգալ նմանատիպ տարրական խնդիրները, հետո նոր մտածել արտասահմանյան համակարգերը և օրենքները ներմուծել երկիր:
Ընդհանրապես ամբողջ աշխարհում ընդունված է, որ բարեփոխումները պետք է միտված լինեն բարելավելու այն ոլորտը, որում դրանք իրականացվում են: Ցավոք, դա այդպես չէ հայ իրականության մեջ:
Բացի այդ՝ Եվրոպայից ներթափանցած տարատեսակ գրավիչ գաղափարների ազդեցության ներքո` մեր ազգային արժեքների զգալի մասը հայտնվել է անհետացման վտանգի տակ: Ուստի 21-րդ դարի հայ երիտասարդությունը պետք է գիտակցի այս մարտահրավերների կարևորությունը և իր ապագա գործունեությունն ուղղի այդ մարտահրավերների հաղթահարմանն` իր առաջ գերակա խնդիր դնելով նախևառաջ պահպանել ազգայինը ու հրաժարվել եվրոպական այն արժեքներից, որոնք հակասում են հայկական արժեհամակարգին: 
Ոգևորիչ է այն հանգամանքը, որ երիտասարդության շրջանում նկատելի է դրական միտում դեպի մեր արժեհամակարգի ամրապնդումը, ու այս գործում կարևոր է հենց երիտասարդների ինքնագիտակցության բարձր մակարդակը ու սեփական դերի ճիշտ ընկալումը` որպես ազգային արժեքների կրող ու պահպանող: 
Եվ եթե մենք՝ երիտասարդներս, կարողանանք վերականգնել կորցրած արժեքները, ճիշտ գնահատենք մեր ուժերն ու հնարավորություները, ի նպաստ օգտագործենք բոլոր տեսակի ռեսուրսները, կազմակերպենք արդյունավետ կառավարում, համոզված եմ` մոտ ապագայում կունենանք երիտասարդների ձեռքերով կառուցված երիտասարդ, արդյունավետ գործառնող ու բարեկարգ Հայաստան:

Երևանի Երիտասարդական Քաղաքապետարանի քաղաքապետի խորհրդական 
Ռաֆայել Պողոսյան