Նատալի Պորտմանը հայտարարել է աշխատավայրում մշտական ոտնձգությունների մասին


17:25 , 21 նոյեմբեր, 2017
Դերասանուհի Նատալի Պորտմանը հայտարարել է, որ իր գրեթե բոլոր ֆիլմերի նկարահանումների ժամանակ խտրականության և ոտնձգությունների է բախվել: Այս մասին գրում է NME-ն:
Օսկարակիր դերասանուհու խոսքով՝ երբ ինքը լսել է Հոլիվուդում սեքս-սկանդալի մասին, մտածել է, թե որքան է իր բախտը բերել, որ խուսափել է նման բաներից: «Բայց հետո մտածելով՝ ես որոշեցի՝ այո, ես հաստատ երբեք չեմ բախվել բռնության, բայց ինչ-որ աստիճանով գրեթե ամենուր, որտեղ ես աշխատել եմ, եղել են խտրականության և ոտնձգությունների դեպքեր»,- ասել է Պորտմանը:
Որպես օրինակ դերասանուհին բերել է պրոդյուսերի, ով մի անգամ իրեն մասնավոր ինքնաթիռ է հրավիրել: Պարզվել է, որ ինքնաթիռում միայն մեկ մահճակալ է եղել: Այդ ժամանակ Պորտմանն ասել է, որ այդ իրավիճակն իրեն ստիպում է անհարմար զգալ, և նրան լսել են:
Պորտմանը պատմել է նաև դեպքեր, երբ ռեժիսորը չի լսել իր փաստարկները, բայց լսել է տղամարդ դերասանների նման ասածները: