Աբխազական երկաթուղին բացվու՞մ է


19:43 , 20 նոյեմբեր, 2017

Հարցազրույց տալով ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին՝ Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ մինչև նույեմբերի վերջ Ռուսաստանը և Վրաստանը կարող են լուծել Հարավային Օսիայով և Աբխազիայով անցնող տրանսպորտային միջանցքների հարցը։ Այդ մասին Աբաշիձեն հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպումից հետո։ Թբիլիսին հույս ունի, որ այդ միջանցքների վերագործարկման վերաբերյալ պայմանագիրը ՌԴ-ն, Վրաստանը և շվեյցարական SGS ընկերությունը կստորագրեն մինչև նոյեմբերի վերջ։ Շվեյցարական այս ընկերությունը հանդես է գալու Բեռնի անունից որպես անկախ միջնորդ՝ ապահովելով տարանցիկ բեռների ստուգումը և վերահսկումը։
Ադրբեջանում արդեն հիստերիա է սկսվել այս տեղեկության տարածումից հետո։ Բաքվում անհանգստացած են, որ աբխազական երկաթուղու ապաշրջափակումից հետո Հայաստանը կձերբազատվի Բաքվի և Անկարայի կողմից արդեն երկու տասնամյակից ավել շարունակվող շրջափակումից, և Հայաստանը վրացական և աբխազական երկաթուղիներով անմիջական կապ կհաստատի ՌԴ-ի հետ։ Ալիևյան ԶԼՄ-ները գտնում են, որ Բաքուն պետք է բոլոր միջոցներն օգտագործի այս ծրագիրը տապալելու համար։
Հիշեցնեմ, որ աբխազական երկաթգծի բացման մասին բանակցություններ տեղի են ունեցել մինչ 2008 թ․-ի օգոստոսյան պատերազմը, սակայն հարավօսական կարճատև պատերազմից հետո, որի արդյունքում Վրաստանը պարտություն կրեց և խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվյաի հետ, քանի որ վերջինս ճանաչել էր Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունները, աբխազական երկաթգծի բացման վերաբերյալ բանակցությունները դադարեցին։
Ավելի վաղ վրացի փորձագետները հայտնել էին, որ ՌԴ-ի և Վրաստանի միջև աբխազական երկաթգծի ապաշրջափակման վերաբերյալ տեղյակ է եղել նաև Իլհամ Ալիևը, ով պայման է դրել, որ եթե երկաթուղին վերագործարկվի, ապա դրանով պետք է արգելվի Հայաստան ռազմամթերքի մատակարարումը։

Հ.Գ. Հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում։ Բաքու-Թբիլիսի-Կարս եկրաթգծի գործարկելուց հետո պաշտոնական Թբիլիսին, փորձելով դիվերսիֆիկացնել և մեղմել թուրք-ադրբեջանական տանդեմից Վրաստանի կախվածությունը, որոշել է նաև գործարկել աբխազական երկաթուղին։ Այստեղ իր ուրույն դերակատարությունն ունի նաև ՌԴ-ն։