ԲՀԿ-ն ընդունում է ՀԱԿ-ի ծառայությունները` վերապահումներով


12:02 , 19 ապրիլ, 2013

Քաղաքական  մեկնաբան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցած ԲՀԿ-ական պատգամավորներին, նշել է, որ միջոցառմանը մասնակցած ԲՀԿ-ականները «պաշտոնական գծից շեղվել են»:
Ըստ էության, Լ. Զուրաբյանը ոչ միայն ծանր հարված է հասցրել նախագահի երդումնակալությանը մասնակցած ԲՀԿ-ականներին, այլև ապտակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Ստացվում է, որ ՀԱԿ-ում ոչ միայն տեղյակ են ԲՀԿ-ի անցուդարձին ու «պաշտոնական գծին», այլև համապատասխան լիազորություններ ունեն «շեղումների» դեպքում այդ մասին հայտարարելու: Ի պատասխան, ԲՀԿ մամուլի խոսնակը միայն հայտարարել է, որ ««շեղված» բառը չի համապատասխանում տվյալ իրողությանը»:
ԲՀԿ-ի պատասխանից կարելի է հասկանալ հետևյալը. այն, որ Զուրաբյանն իրեն իրավունք է վերապահում միջամտել ու գնահատականներ տալ ԲՀԿ ներքին պայմանավորվածություններին, իսկ առանց վերոնշյալ պայմանավորվածությունների` այդ պատգամավորներն «ինքնագլուխ» չէին մասնակցի երդմնակալությանը, նորմալ է, ուղղակի «շեղված» բառը ԲՀԿ-ի սրտով չէ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ներքին խոհանոցին միջամտելու ու ԲՀԿ պաշտոնական գծից շեղվածներին անդրադառնալուն, ապա լրիվ ընդունելի է:
Մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, կարծես թե, ԲՀԿ-ին հասկացնում է, որ վերջինիս պաշտպանությամբ զբաղվելն անվճար ծառայություն չի, և դա ենթադրում է նաև որոշակի միջամտություն ԲՀԿ-ի գործերին, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է գործարար հատվածին և ԲՀԿ-ի ընդհանուր քաղաքական գծին:
Իսկ ԲՀԿ-ն, ի դեմս իր մամուլի խոսնակի, հասկացնում է, որ ընդունում է վերոնշյալ պայմաններով ծառայությունը, սակայն որոշակի հասկացությունների մասով վերապահումներ ունի: