Իսրայելը փորձելու է ճեղքել «շիական միջանցքը»


14:10 , 15 նոյեմբեր, 2017

Իսրայելը պատրաստ է միայնակ գործել և թույլ չտալ Իրանին ունենալ միջուկային զենք ու ռազմակայան կառուցել Սիրիայում։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Նա Թեհրանին մեղադրել է սիրիական հակամարտությունն օգտագործելու և Իսրայելի սահմանների մոտ ամրապնդվելու մեջ։

Ըստ նրա, Իրանը փորձում է մշտական ծովային, ցամաքային և օդային ռազմական ներկայություն ունենալ Սիրիայում, որպեսզի ոչնչացնի Իսրայելը։
Իսրայելը փորձելու է ամեն ջանք գործադրել, այդ թվում «բուֆերային գոտի» ստեղծել Լիբանանի և հնարավոր է նաև Սիրիայի հարավում`դրուզներին ու սեփական ազգային անվտանգությունը պաշտպանելու պատրվակով, որպեսզի թույլ չտա իր հյուսիսում «շիական միջանցքի» ձևավորում, որը սկիզբ է առնելու Լիբանանի հարավից`Հզբոլահի հսկողության տակ գտնվող շրջաններից ու հասնի Սիրիայի հարավային շրջաններ։

Այդ «առանցքը» ճեղքելու համար Իսրայելը դիմելու է ռազմական միջամտության`ԱՄՆ–ում ուժեղ են իսրայելամետ տրամադրություններն ու հրեական լոբբին, իսկ Թրամփի`Իրանին զսպելու ռազմավարությունը, որը կիսում են Սաուդյան Արաբիան ու Ծոցի միապետությունները, բացառությամբ թերևս Կատարի, տեղավորվում է Իսրայելի գործողությունների տրամաբանության մեջ։

Իսրայելը, սակայն, ունենալով հզոր բանակ պետք է հաշվի առնի նաև Իրանի proxy–ի ուժերը Իսրայելի հարևանությամբ`Հզբոլահը, Սիրիայում գտնվող շիական ուժերը, ՀԱՄԱՍ–ի հնարավոր զինում ու ուղղորդումը հարվածելու Իսրայելին, ինչպես նաև Սինայում տարբեր իսլամիստական խմբավորումների ֆինանսավորումն ու Իսրայելի հարավում նոր ճակատ բացելու հնարավորությունը։