Պարույր Սևակի մահով մեր հոգևոր մշակույթը ընկավ փինաչիների ձեռքը


00:34 , 19 ապրիլ, 2013

Պարույր Սևակը երբ ավտովթարի ենթարկվեց, իմ աչքին ամբողջ երկրագունդը և արևը սևացան, մոխրացան երազներս, ու հուսահատություն իջավ վրաս: Պարույր Սևակի կորուստը ազգի համար ճակատագրական եղավ, հիմա քաղում ենք այդ կորստի պտուղները: Այնպիսի մեծ հանճար, որ Պարույրն էր, Եղեռնից հետո մեր ամենամեծ կորուստն էր: Ժամանակները անցան, և այն անդունդը, որ սարսափելի իր երախով մեր վերջին հանճարին կլանեց, տիրեց ոգու այն սովը, որ Ավետիք Իսահակյանը ձևակերպել էր: Սևակից հետո չվերականգնվեց մեր հոգևոր մշակույթը, ամեն ինչ մանրացրին, ազգային արվեստը փինաչիների ձեռքը ընկավ, նկարչությունը արվեստաբան Հ. Իգիթյանի տնոօրինությանը հանձնվեց, որը միայն իզմ-երին էր տեղ տալիս, իսկ ազգայինը գնաց հետին պլան: Աղճատվեց ու դեգրատացիայի ենթարկվեց: Նույն բանը տեղի ունեցավ գրականության հետ, ասպարեզ եկան ախպեր-տղերքը իրար գովաբանելով, իրար ձեռք ձեռքի տված, իջան աֆրիկյան ազգերի մակարդակին: Հումորը անեկդոտից այն կողմ չանցավ, գլխավոր ոզնին հումորը հասցրեց ոզնու մակարդակի: Մեր ազգի հոգևոր մակարդակը վերելքի փոխարեն վայրէջքի ճանապարհը բռնեց: Նույնը կատարվեց թատրոնի հետ: Կործանվեց մայր թատրոնը, և իր փլատակների տակ անցավ մեր հանճարեղ դերասանների հիշատակը: Որոշ դերասանների մեջ գլուխ բարձրացրեց մեծամտությունը, և չենթարկվեցին թատրոնի գերագույն օրենքին, ռեժիսորը նրանց համար դարձավ երկրորդական անձ: Մտքի թռիչքը վերածվեց մեծամտության, և իրար հետևից նոր թատրոններ բացվեցին, ներկայացումներ բեմադրվեցին դերասանների կողմից: Եվ անկում ապրեց երբեմնի հզոր թատրոնը, որը սերունդներ էր կրթել, գահավիժեց անփառունակ նորին մեծություն իզմ-երի շարքը: Այժմ մեր դերասանների մեծ մասը սերիալների ու հեռուստատեսությունների մեկնաբաններից այն կողմ չեն անցնում: Հոգու ու մտքի պաշարը նրանք վաղուց սպառել են: Քաղաքականության դաշտը, որը մտքի և հոգու փայլեցմանն է անցել, վամպիրներից չեն տարբերվում, խժռում են ազգի հոգևոր, մտավոր, ինքնահաստատվելու կարողությունը, ազգը տանում են կործանման: Ո՞ւր են մեր իմաստուն պապերը, բարությամբ ու խոնարհությամբ մեզ դաստիարակող տատիկները, չկան: Սերունդների այս կապը վաղուց կտրվել է: Դպրոցի դասագրքերից վտարվել է սիրտը, և տեղը զբաղեցնում է միտքը, որը ամուլ է և բացի փաստերից ոչինչ չեն սովորում դպրոցում: Ազգային ոգին իսպառ բացակայում է դպրոցից, այնպիսի ստեղծագործություններ են գրքերում տեղադրում, որոնք եվրոպացիների սրտով լինեն ու ամերկացիների: Մեկը մյուսի հետևից ասպարեզ են իջնում քաղաքական գործիչներ, որոնք լավ գիտնական են, բայց ոչ լավ քաղաքական գործիչ: ԼՏՊ-ի լոզունգը հնացել է, այն 1988-ի լոզունգն էր, որը իր դերը վաղուց կատարել է (Պայքար, պայքար միջև վերջ): Հիմա եկել է ժամանակավրեպ «Բարևի» հեղափոխությունը, որը «վարդերի» հեղափոխության փոքր եղբայրն է: Նոր ժուլիկները իրենց կարգախոսներով ուզում են հենվել ժողովրդի վրա և իրենց գործը առաջ տանեն, դեպի ուր՝ իրենք դա ևս չգիտեն: Ո՛չ ծրագիր ունեն, ո՛չ խելք, ո՛չ էլ ամաչկոտություն, որ ամաչեն գոնե իրենցից: Կուսակցականների մարմաջով է տառապում մեր ազգի մեծամասնությունը, ժամանակ չի մնում՝ գոնե մի քանի րոպե իրենց հիշողությունները թարմացնեն, պարզելու համար, թե իրենք ով են եղել և հիմա ինչի են վերածվել: Մի անդեմ մասսայի, որը ո՛չ ազգություն է ճանաչում, ո՛չ էլ կրոն: Մի մեծ խառնամբոխ է իմ հայոց ազգը դարձել՝ ինքը դա չտեսնելով: Վերածնվիր, հայ ժողովուրդ ու բաց ճակատով առաջ անցիր և քո էությունը վերագտիր, մի հուսահատվիր և մի ընկճվիր, մեր ազգի հանճարներին քեզ վահան դարձրու: Քո պետականությունը պինդ պահիր: