Ստվերային պայմանավորվածություն Հերմինե Նաղդալյանի և «Վիվասել» ընկերության ղեկավարության միջև


17:05 , 14 նոյեմբեր, 2017

Ազգային ժողովի աշխատակազմից տեղեկացնում են, որ 2 մլն դրամը՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսային պարտքը, որ կազմել է 4 հազար դոլարին մոտ գումար և որը մուծվել է պետական միջոցների հաշվին, չհիմնավորված բամբասանք է, նման գումար չի եղել: Դեռևս մայիսին Հ. Նաղդալյանի բջջային հեռախոսի վարձը խոշոր գումար է կազմել, որը ԱԺ աշխատակազմի կողմից վիճարկվել է: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտքն առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես՝ ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին, ուստի ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել, հետևաբար չկար և անհրաժեշտություն փոխհատուցման պահանջ ներկայացնելու։

Այստեղ, ըստ էության, գործ ունենք որոշակի կոռուպցիոն ռիսկի հետ։ Բացատրենք. նախ՝ ԱԺ հայտարարության մեջ նշվում է, որ «Վիվասելը» հրաժարվել է իր դիմումից, քանի որ պարզվել է, որ այդ խնդիրները տեխնիկական են եղել՝ կապված 3G կապի միացման հետ, սակայն հարցն այն է, որ ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից։

Հիմա հարց է առաջանում. եթե ես՝ շարքային քաղաքացիս, վաղը կամ մյուս օրը գնամ արտերկիր, չիմանամ՝ ինչպես է անջատվում 3G ծառայությունն, ու մնամ այնտեղ, ենթադրենք, մի շաբաթ, արդյո՞ք դա նշանակում է, որ վերադառնալուց հետո «Վիվասել» ընկերությունը կշարունակի համարել, որ խնդիրը տեխնիկական է, ու ինձնից գումար չի պահանջի։ Խիստ կասկածում եմ։ Հետևաբար կարծում ենք՝ այստեղ կա ստվերային պայմանավորվածություն Հերմինե Նաղդալյանի ու «Վիվասել» ընկերության ղեկավարության միջև՝ փոխադարձ համաձայնությամբ «ջրել» այդ գումարը, մանավանդ որ ԱԺ-ն վճարում է աշխատանքային համարներից կատարված ծախսերի համար, իսկ ընդդիմադիր խմբակցությունները լավ կանեին, օրինակ, համապատասխան ծառայություններից արձանագրությունների սղագրությունները պահանջեին՝ պարզելու՝ սեփական, թե պետական հեռախոսից է օգտվել Նաղդալյանը գործուղման ընթացքում, և հանրությունը, բնականաբար, պետք է իրազեկվի այդ մասին։