Տիգրան Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը և Սեյրան Օհանյանը կշարունակեն պաշտոնավարել


21:00 , 18 ապրիլ, 2013

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունը այդ պաշտոնի համար։ Այս մասին հայտնում են Tert.am-ի աղբյուրները։ Սերժ Սարգսյանը հայտարարել է նաև Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին և ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին իրենց պաշտոններում վերանշանակելու մասին։


Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրեց կառավարության հրաժարականը: 


Նշենք, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ հանրապետության նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը՝ իր կողմից պաշտոնը ստանձնելու օրը: Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Նախագահը պարտավորվում է 10-օրյա ժամկետում նշանակել վարչապետին, 20-օրյա ժամկետում՝ ձևավորի նոր կառավարության կազմը:


Սերժ Սարգսյանն ընդունելով այն՝ խնդրեց կառավարության անդամներին շարունակել պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը:

Նշենք, որ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնը ստանձնել է 2008թ.-ի ապրիլի 9-ին: Նա Հայաստանի երրորդ հանրապետության 12-րդ վարչապետն է:
 


Այլ մանրամասները կներկայացնենք մի փոքր ուշ։