Պատրաստում ենք ալադի կամ ամերիկյան պանքեյք. այս բաղադրատոմսով պատրաստված ալադիները հիշեցնում են մեզ մեր մանկությունը


10:28 , 13 նոյեմբեր, 2017

Ամերիկյան այս նրբաբլիթները՝ պանքեյքները, հիշեցնում են մեր ալադիները (ձիթաբլիթ): Նրանք պետք է լինեն փքուն, թեթև ու ոսկեգույն երանգով: Ամերիկյան ընտանիքներում պանքեյքներ ավանդաբար պատրաստում են նախաճաշի համար: Այն տաք վիճակում դնում են ափսեի մեջ և վրան լցնում տարբեր օշարակներ: Պանքեյքները լինում են նաև տարբեր հավելումներով՝ հատապտղային, խնձորի, շոկոլադի:

Պանքեյքները պատրաստում են չոր տապակի մեջ, որը պետք է լինի իդեալական մաքուր, սակայն եթե դուք վախենում եք, որ այդպես կայրվի, ապա կարող եք սերուցքային կարագով պատել տապակը կամ լցնել ձեթ:

Խորհուրդ չի տրվում հատապտուղներ և այլ հավելումներ լցնել հենց խմորի մեջ, քանի որ այն կարող է այրվել:

Բաղադրիչներ

  1. հավկիթ - 5 հատ
  2. շաքարավազ - 70գր
  3. ալյուր - 60գր
  4. փխրեցուցիչ - 2 գր 
  5. վանիլ - 1թ/գ
  6. աղ - մեկ պտղունց

 

Պատրաստումը

Վերցրեք 5 դեղնուց, ավելացրեք 40 գր շաքարավազ, խառնեք: Ավելացրեք մի պտղունց աղ, փխրեցուցիչ, վանիլ և կրկին խառնեք:

Մաղելով լցրեք ալյուրը:
4 սպիտակուց հարեք, ավելացրեք 30 գր շաքարավազ և կրկին հարեք: Սպիտակուցի զանգվածը խառնեք դեղնուցով զանգվածին:
Տապակը տաքացրեք, գդալով վերցրեք խմորից լցրեք տապակի մեջ և փակեք կափարիչով: 2-3 րոպեից շրջեք, որ մյուս կողմն էլ եփվի:

Բարի ախորժակ: