14:43 , 18 ապրիլ, 2013![]()
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն անթույլատրելի է համարում այն ձեռնարկությունների մասնակցությունը պետական գնումներին, որոնց ֆինանսական հաշվետվությունները հավաստի չեն:
Անդրադառնալով խոշոր ձեռնարկություններում աուդիտի իրականացմանը և վերջիններիս ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանը` կառավարության նիստում հայտարարել է Տիգրան Սարգսյանն:
«Դա պետք է ամրագրել կառավարության որոշումով` կամ պետք է ձեռնարկությունն իր ֆինանսական հաշվետվությունները կարգի բերի, որպեսզի մենք հասկանանք, որ նա հանրությանը ներկայացնում է ճշգրիտ տեղեկատվություն, կամ չմասնակցի գնումներին: Կան կազմակերպություններ, որ ընդհանրապես հրաժարվում են իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակել. դրանք խախտում են օրենքի պահանջները: Եթե խախտում են օրենքի պահանջները, ուրեմն չպետք է կարողանան գնումների գործընթացին մասնակցել՝ հայտնվելով մեր սև ցուցակներում»,- նշել է նա:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ նմանատիպ սկզբունք է որդեգրվելու նաև առողջապահական ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ: Տիգրան Սարգսյանը հիշեցրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանին կառավարության պահանջը՝ բժշկական հաստատությունների կողմից հարկային պարտավորությունները կատարելու վերաբերյալ: «Այս ֆինանսական հաշվետվությունները դրա կարևորագույն բաղկացուցիչ մասն են, եթե նրանց ֆինանսական հաշվետվությունները թերի են, կամ աուդիտորը եզրակացություն է տալիս, որ իր կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունն ունի լրջագույն թերություններ, և այն չի արտահայտում իրականությունը, ապա մենք այդպիսի խոշոր բուժհաստատություններին նույնպես պետք է սև ցուցակում տեսնենք և նրանց նկատմամբ լինենք շատ խիստ»,- ասաց կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:
Տիգրան Սարգսյանը հանձնարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին՝ գործադիրին ներկայացնել վերը նշված սահմանափակումների կիրառման որոշման նախագիծ: