17:00 , 8 նոյեմբեր, 2017Դերասան Տարոն Իսպիրյանին հեռուստադիտողն այս շրջանում տեսնում է «Ազիզյաններ» սիթքոմում, որտեղ ներգրավել է երկրորդ եթերաշրջանի վերջում: Վիլենի կերպարում է, ով ամեն ինչ անում է Մարիի սիրտը գրավելու համար: Ասում է՝ կյանքում էլ իր սիրուն հասնելու համար շատ բաների է պատրաստ: BlogNews.am-ի հետ զրույցում Տարոնը խոսել է դերասանի մասնագիտությունից, ինչպես նաև Արամ mp3-ի տեսահոլովակում նկարահանվելու բարդությունների մասին:
«Իմ դերասանական կարիերան հենց հումորից էլ սկսվել է, դրա մեջ եմ ինձ դեռ պատկերացնում և հուսով եմ՝ լուրջ դերերի առաջարկներ էլ կստանամ: Ես, առհասարակ, կյանքում ավելի շատ լուրջ մարդ եմ և ինձ թվում է՝ հնարավոր է՝ հետագայում ավելի լուրջ դերերում ներկայանամ»:

Տարոնն ասում է, որ բավականին հեշտ է լեզու գտնում դերասանների և նկարահանող կազմի հետ. «Ես էլի եմ նշել, որ ստեղծագործական կազմն ավելի շատ ընտանիքի նման է և բավականին պրոֆեսիոնալ կազմ է: Արման Մարությանն էլ իմ ճանաչած ամենալավ ռեժիսորներից է, իսկ իմ հիմնական խաղընկերուհու՝ Մարիի հետ շատ հեշտ է նկարահանվելը»:
Դերասանը հոնորարների հարցում սկզբունքային է, բայց հաշվի է առնում նաև մարդկային հատկանիշները. «Իհարկե, կա հոնորարի սահման, բայց աշխատում եմ նաև զիջումների էլ գնալ: Իհարկե, աշխատանքն՝ աշխատանք, բայց բոլորս էլ մարդ ենք և երբեմն գնում ենք զիջումների:
Հումորային կերպարներում ներկայացող դերասաններին բարդ է ծիծաղեցնել հանդիսատեսին, բայց Տարոնը նշում է՝ եթե մարդն ինքնին հումորով է, դա գործը հեշտացնում է. «Ես միշտ եղել եմ հումորի մեջ, բայց դու պետք է կարողանաս քո խաղով տարբերվել մնացած դերասաններից: Չնայած, ինչ խոսք, բարդ է»:

Վերջերս հեռուստադիտողը Տարոնին տեսավ նաև Արամ mp3-ի «Սկսում ենք» տեսահոլովակում, որտեղ դերասանն աչքի է ընկնում իր ճկուն պարով և դերասանական վարպետությամբ: Արձագանքները դրական էին, և անգամ ասում էին, որ տեսահոլովակը հաջողվել է Տարոնի մասնակցության պատճառով. եթե չլիներ Արամ mp3-ը, չէր լինի այս հրաշալի երգը, իսկ տեսահոլովակը հաջողվել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի շնորհիվ, ինչպես նաև ստեղծագործական կազմի: Ինձ համար առաջարկվող կերպարը բավականին հետաքրքիր էր, քանի որ ես բնույթով պարող և ուրախ մարդ եմ: Չեմ կարող ասել, որ հատուկ պարապել եմ պարերը, բայց, իհարկե, բարդություններ կային»,- եզրափակեց դերասանը։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի