14:22 , 8 նոյեմբեր, 2017Այսօր Հայաստանի երրորդ Հանրապետության ամենախարիզմատիկ քաղաքական գործիչներից մեկի՝ Արթուր Բաղդասարյանի, ծննդյան տարեդարձն է։ Մի մարդու, ում անունն իսկապես բրենդ է քաղաքական դաշտում։ Մի մարդկային տեսակ, որին կա՛մ ընդունում, հավատում և նրա հետևից գնում են, կա՛մ նրան ընդհանրապես չեն սիրում՝ չփորձելով անգամ խորանալ նրա գաղափարների և տեսլականների մեջ։ Դրա հիմնական պատճառն, իմ համոզմամբ, այն է, որ մարդիկ սիրել են նրա քաղաքական կերպարը, ընդունել, բայց քաղաքական կյանքը լի է վայրիվերումներով, և իրականում անհնար է գտնել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն քո բոլոր համակիրների համար։ Մարդ, որն ունի իր կուռ պատկերացումները Հայաստանի զարգացման և առաջընթացի վերաբերյալ և չի հրաժարվում իր գաղափարներից ու մոտեցումներից։ Արթուր Բաղդասարյանը քաղաքական գործչի այն տեսակն է, որն իր կյանքն առանց քաղաքականության չի կարող պատկերացնել, քանզի քաղաքականությունը նրա էությունն է։ Կարելի է ընդունել կամ չընդունել Արթուր Բաղդասարյան քաղաքական գործչին, նրա մոտեցումները, պատկերացումները, բայց անհնար է չընդունել նրա բարձր պատրաստվածությունը, ինտելեկտը, հռետորական որակները, կշռադատված գործելաոճը։ Չնայած Բաղդասարյանի քաղաքական թիմը ստացավ բավականին լուրջ քվեներ վերջին ԱԺ ընտրություններում, սակայն դա բավարար չեղավ ԱԺ անցնելու համար, և իրականում այսօրվա ԱԺ-ն ունի բաղդասարյանական քաղաքական թիմի կարիքը։ Դա իմ համոզմունքն է։ Ճշմարտության բացահայտման լավագույն աղբյուրը ժամանակն է, և այն դեռ ցույց կտա իրականությունը։ Վստահ եմ, որ Արթուր Բաղդասարյանը կոտրվող տեսակ չէ և դեռ կպայքարի իր գաղափարների իրագործման համար, որոնք Հայաստանը դուրս կբերեն այս ճահճից․․․