10:40 , 18 ապրիլ, 2013Այն, որ գյումրեցու հումորը դեռ վաղ ժամանակներից մրցակից չունի, դա բոլորս լավ տեղյակ ենք: Նրանց հումորը ծնվում է պահի տակ շատ քաոտիկ վիճակում, բայց դա չի խանգարում, որ նա նստվածք տա: Հենց այդպիսի մի «հումոր նստվածքի» մասին կցանկանայի պատմել ձեզ: Վերջերս ինձ հյուրընկալել էր իմ գյումրեցի բանակային ընկերներիցս մեկը, որի հետ տարբեր թեմաներից խոսելուց հետո վերջապես «ժամանակակից հային» հարիր կերպով անցանք քաղաքական թեմաներին: Երբ խոսքը գնաց Րաֆֆու հետ կապված քաղաքական զարգացումներին, ընկերս հանկարծակի ասաց (որպեսզի ավելի արտահայտիչ լինի, փորձեմ վերարտադրել նրա ասածը հենց իր քաղցր գյումրվա լեզվով, գյումրեցիներից նախապես ներողություն եմ խնդրում անկախ ինձանից հասկանալի պատճառով, եթե որևէ բառ այնպես չհնչեցնեմ, ինպես ճիշտ է գյումրվա բարբառով)`-«Ծո ըդիք սաղ հեչ, աշեցիր ինչղ Լևոնը քաշեց Րաֆֆուն, նույնիսկ հանրապետականները այդքան վնաս չտվին Րաֆֆուն, ինչքան նա»:
Երբ նա գնաց, փորձեցի ինքս իմ մեջ պարզաբանում մտցնել: Եվ այսպես, Րաֆֆու հետ կապված այս ամբողջ պատմության մեջ իրոք բոլորից խորհրդավոր պահվածք ցուցաբերեց հենց Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հին հունական որոշ զորավարների նման հա հույս էր տալիս, որ մարտի կուլմինացիային կհասնի, բայց այդպես էլ չհասավ... Որպեսզի ավելի պարզ լինի, հիշեցնեմ մի պահ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ օրերին անցկացվող իրենց համագումարից: Այնտեղ նա հնչեցրեց հետյալը. «Առայժմ ես Թատերական հրապարակում տեսնում եմ միայն ժողովրդի ընդվզումները, ոչ մի կոնկրետ, շոշափելի քայլ Րաֆֆուց և նրա թիմակիցներից դեռևս չկա: Մենք ուշադիր հետևում ենք Թատերական հրապարակում ընթացող զարգացումներին, և եթե մենք տեսանք բացի ժողովրդի ընդվզումներից նաև Րաֆֆու հստակ դիրքորոշումը, որը առայժմ նկատելի չէ, մենք կհայտնենք մեր որոշման մասին....»: Եվ իհարկե ինչպես սպասելի էր, Րաֆֆին սկսեց իր կոնկրետ քայլերը` այլընտրանքային կառավարություն ստեղծելու մասին իր հայտարարությունից սկսած մինչև հացադուլ... Րաֆֆին օգտագործում էր պայքարի գրեթե ամեն միջոց, որպեսզի Լևոնը վերջապես նկատի իր անձնական ընդվզումները, նա նույնիսկ գնաց, ԲՀԿ-ի դուռը թակեց: Լևոնը առաջվա պես լռում էր, թերևս եթե նա խառնվեր և սատարեր Րաֆֆուն, ամեն ինչ կընթանար այլ հունով: ԲՀԿ-ն, իր հերթին օգտվելով Լևոնի նետրալիտետից, հայտարարեց, որ համախմբումը «Բարևի» հետ հնարավոր է միայն ԲՀԿ-ի առանցքի շուրջ: Սակայն, շատ քաղաքականագետներ համոզված են, որ, եթե Լևոնը հրապարակավ հայտարեր Րաֆֆուն սատարելու մասին, ԲՀԿ-ն այդպիսի պատասխան չէր տա: Այն, որ ԲՀԿ-ն և ԼՏՊ-ի թիմը դեռ վաղուց բանակցություններ են տանում, դա դեռ ակնհայտ դարձավ չարաբաստիկ ձայնագրման պահից: Եվ հիմա էլ ապրիլի 30-ին Տեր-Պետրոսյանը պատրաստվում է հանրահավաք անելու և ըստ որոշ վերլուծաբանների կանխատեսումների՝ այդ հանրահավաքի միակ նպատակը «Բարևի» վարկանիշը գցելն է, հօգուտ ԲՀԿ-ի: Այն, որ ԼՏՊ-ն այս ընտրությունների հետ իր նորաստեղծ կառույցով մեծ ակնկալիքներ չունի, դա պարզ է: Այդ դեպքում ստացվում է, որ նրա միակ առաքելությունը կայանում է ԲՀԿ-ին առաջ գցելու մեջ: