Դեղին՝ «ամենաանվտանգ» գույնը տաքսիների համար


22:45 , 6 նոյեմբեր, 2017

Օտար քաղաքում հայտնվելիս հեշտությամբ կարողանում ենք տաքսիները սովորական մեքենաներից տարբերել իրենց վառ դեղին գույնի շնորհիվ: Ամեն ինչ սկսվել է 1910 թ., երբ ամերիկացի գործարար Ջոն Հերցը որոշեց իր ավտոպարկը դեղին գույնով ներկել: Այդ օրվանից ի վեր աշխարհի բոլոր տաքսիների խորհրդանշական գույնը դարձավ դեղինը:

Սակայն, իհարկե, որոշ երկրներում բացառություններ լինում են: Օրինակ՝ Սինգապուրում տաքսիների երկու տեսակի կհանդիպեք, որոնցից առաջինները ներկված են դեղին, իսկ երկրորդները՝ կապույտ գույնով: Օգտվելով առիթից՝ տեղի ակադեմիայի հետազոտողները որոշեցին պարզել՝ իսկապե՞ս դեղին տաքսիները նկատելի են մնացած բոլոր ավտոմեքենաների մեջ, թե՞ ոչ: Հարցում անցկացվեց բազմաթիվ անցորդների միջև, և արդեն հայտնի փաստը ևս մեկ անգամ հաստատվեց:

Չբավարարվելով ստացված արդյունքներով՝ հետազոտողների խումբը որոշեց ավելի հեռուն գնալ և երկու ընկերություններից տվյալներ խնդրեց վերջին երեք տարիներին ավտոմեքենաների ֆոնդի հետ տեղի ունեցող ճանապարհային բոլոր պատահարների վերաբերյալ (ընդհանուր՝ 16 700 մեքենա): Պարզվեց, որ տաքսիների վառ դեղին գույնը ոչ միայն պոտենցիալ ուղևորին օգնում է գտնել մեքենան բազմահազար այլ մեքենաների միջից, այլ նաև հաճախ կանխում է ավտովթարները: Արդյուքները ցույց են տվել, որ եթե «կապույտ» տաքսիների վարորդներն իրենք մեքենաները դեղինով ներկեն, ապա ամենամսյա վթարների թիվը կկրճատվի 76 միավորով:

Բացի այդ՝ հարցում է անցկացվել Սինգապուրի բնակիչների շրջանակում, ովքեր պարբերաբար օգտվում են քաղաքային տաքսիներից: Պարզ է դարձել, որ կապույտ տաքսիների ուղևորներն ավտովթարի են ենթարկվել կյանքում միջինում 1,1 անգամ, իսկ դեղին տաքսիներինը՝ 1 անգամ:

Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս տաքսի ծառայությունների բոլոր վարորդներին իրենց մեքենաների դեղին գույնով ներկել, իսկ ուղևորներին՝ իրենց իսկ անվտանգության համար դեղին տաքսիներ ընտրել: