Ցերեկվա ժամը մեկն է, անելիքները թողնելով մի կողմ՝ նստում եմ մտքերի շարադրման ալիքին, տեսնեմ՝ ուր կտանի


22:24 , 17 ապրիլ, 2013

Ցերեկվա ժամը մեկն է, անելիքները թողնելով մի կողմ՝ նստում եմ մտքերի շարադրման ալիքին, տեսնեմ՝ ուր կտանի։
Գրում եմ սովորաբար, երբ մենակ եմ։ Երբ չունեմ ընկեր՝ կիսելու։ Իսկ հիմա թղթի ու իմ միջև կանգնած է մեկը, որ վերցնում է ամեն ինչ իր վրա ու մեջ, որ բացել է գիրկը լայն ու խորը, տղա ես՝ մի սուզվիր։ Բարեբախտաբար, սիրտս ազատ է։

Պատմելիքներ առանձնապես չունեմ, ամեն ինչ ապրվում է, տեղ չի մնում միջտողային ցանկությունների արտահոսքի։ Այդ դեպքում ինչո՞ւ եմ գրում։ Ես էլ չգիտեմ։ Կարոտել էի տեքստակազմությանը, բլոգս էլ ընկնում է ֆորմից։
Բայց տեքստերս կուլ են գնում արտաշնչիս ու փոխանցում դրանց էներգետիկան նրան(ց), որ իմ ու թղթի միջև է։ Իսկ նա, բանից անտեղյակ, սկսել է զգալ այդտեղ նաև գրականություն, և ներկայիս իր կյանքի զարկերակը բաբախում է դրանով, և ես չափ եմ տալիս միայն ու մտահոգվում երբեմն՝ թե ինչպես լինել հմուտ, փորել ճիշտ ակոսներ, ստեղծել լավագույն կոմպոզիցիան երբևէ։ Եվ այս ամենն ուղեղի գեներացիա չէ այլևս, այլ միս ու արյուն, թեև ի՞նչ տարբերություն...  


Ժլատ եմ դարձել դեպքերի հաղորդակցման մեջ ևս։ Օրերս էլ, վայրի ու խելառ նժույգներ թամբած, ճախրում են ազատության մեջ՝ առողջ, եթերային. ոնց բռնես, ծանրացնես թղթին, չի լինի... 
Ու նույնքան եթերային ես քայլում եմ օդեղեն լարի վրայով, ինչպե՞ս եմ առաջանում՝ ինքս էլ չգիտեմ, բայց այնպես եմ ուզում, որ ամեն ինչ նույնքան և շատ–շատ ավելի հրաշք մնա և երջանկություն բերի բոլորին։