Քննադատությամբ քաղաքական միավորներ հավաքելը կիրառելի հնարք է դարձել


19:05 , 17 ապրիլ, 2013

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նման հայտարարություն է արել, թե` «15 տարին արդյոք բավարար ժամանակ չէ՞ խնդիրները լուծելու համար...»: 

Ինչքան գիտեմ, ԲՀԿ-ն արդեն 2 տարի է իրեն հայտարարել է այլընտրանքային ուժ ընդդիմադիրի կեցվածքով, սակայն 2006-ից մինչև 2012թ. ԲՀԿ-ն եղել է իշխանության մեջ ծավալուն ընդգրկված ուժ: Հիմա հարց` ի՞նչ մասնակցություն էր ունենում ԲՀԿ-ն իր գործունեությամբ քաղաքի կառավարման գործում կամ ընդհանրապես երկրի կառավարման գործընթացում: Բացառապես ես դեմ չեմ, երբ մարդիկ բարձրաձայնում են առկա խնդիրների մասին, սակայն դեմագոգիայով, ուրիշի հաշվին սեփական վարկանիշը բարձրացնելով երբեք հաստատուն ռեյտինգ ապահովել հնարավոր չէ: 
Ինչևէ, այն, որ բոլոր քաղաքական ուժերը քարոզարշավի շրջանակներում բարձրաձայնում են խնդիրների մասին, դա փաստ է, կարելի է ասել` խնդիրները բարձրաձայնելու մրցույթ է տեղի ունենում, թե ով ավելի օբյեկտիվ ու լատենտ խնդիրներ կբացահայտի և դրանով կշահի բնակիչների ուշադրությունն ու դրական վերաբերմունքը: Սակայն խնդիրների բարձրաձայնումից խնդիրները չեն լուծվում: Ավելի լավ կլինի, երբ քաղաքական ուժերը խնդիրները լուծելու քայլերն ու ժամանակային հատվածը ներկայացնեն ընտրողներին: 

Այո, քննադատությամբ քաղաքական միավորներ հավաքելը կիրառելի հնարք է, սակայն քննադատության մեջ օբյեկտիվություն պահելը շատ կարևոր է, եթե քննադատում եք խնդրի լուծման վերաբերյալ անգործությունը, ապա դրանում պետք է նաև փաստել սեփական ներդրման մասին: Այդ ժամանակ ավելի հավանական է, որ մարդկանց մոտ ոչ թե թաքնված հակակրանք, այլ ազնվություն ու անկեղծություն կձևավորի տվյալ ուժի անվան շուրջ, ինչը, կարծում եմ, ընտրություններում բարձր ցուցանիշ ապահովելու համար կարևոր կոմպոնենտ է: 

Այսպիսով, առակս ինչ կցուցանե. քննադատողը պետք է այդ խոսքերի կրողը չլինի: