13:59 , 5 ապրիլ, 2012
Նախորդ հրապարակումներից մեկում առիթ ենք ունեցել անդրադառնալու Քարվաճառ քաղաքի ջրամատակարարման խնդիրներին: Բարեբախտաբար, ձմեռն անցել է և ջրային խուլիգանների՝ քաղաքային ջրագիծը սեփական հայեցողությամբ «տնօրինելու» ոտնձգություններն այլևս չեն սպառնում օժանդակ գծերի սառեցմամբ և դրանք հալեցնելու օրեր ձգվող տաժանակրությամբ: Ցանկալի կլիներ, որ շրջանի իրավապահ մարմինները զբաղվեին անհրաժեշտ «բացատրական» աշխատանքով, բայց, ցայսօր, այդ ուղղությամբ գործադրված քայլերի մասին մենք հստակ տեղեկություններ չունենք:
Սակայն, քաղաքային ջրագծի նկատմամբ ընթացիկ անկարգություններին վերջ դնելու հրամայականը Քարվաճառի ջրամատակարարման գլխավոր հարցը չէ: Հորիզոնում ուրվագծվում են քաղաքի ջրամատակարարման հետ կապված ավելի կարևոր և հանրային մեծ նշանակություն ունեցող խնդիրներ: Խոսքը՝ կառուցվելիք նոր ջրագծի շահագործման առանձնահատկությունների մասին է:
Քարվաճառի ջրամատակարարման հարցն առաջին անգամ ծագել է քաղաքի վերաբնակեցման առաջին իսկ տարում՝ 1998 թ.: Առաջին վերաբնակիչ ընտանիքները ջուր էին ստանում հատուկ ջրատար մեքենայի միջոցով՝ խիստ սահմանափակ քանակությամբ: Ջուրը Քարվաճառ հասցնելու համար հատկացվել է պատկառելի մի գումար, որն այն ժամանակ լիովին բավարար էր՝ քաղաքի ջրամատակարարման համակարգը համարյա ամբողջությամբ վերականգնելու համար: Ցավոք, վերանորոգչական լիարժեք աշխատանքների փոխարեն կիրառվել է «ամենադյուրին» տարբերակը. Ծարի բարձրավանդակը հարավից երիզող Գեղախաչ գետակի ջրերը մտցվել են խորհրդային շրջանից պահպանված ջրատար խողովակաշարի մեջ, որտեղից դրանք ինքնահոս մղվել են մինչև Քարվաճառի սարահարթ: Քարվաճառի ջրաբաշխ մայր ավազանը չի օժտվել նաև պահանջվող մաքրման համակարգով, որի հետևանքով լեռնային հոյակապ սառնորակ ջուրը, հատկապես վարարումների շրջանում, բնակիչներին էր հասնում նկատելի ավազային նստվածքով: Այս հանգամանքը պատճառ է դարձել բնակչության պարբերաբար արտահայտված գանգատների:
Քարվաճառի ներկայիս ջրամատակարարման գլխավոր թերություններից է նաև օժանդակ ջրագծերի վատթար վիճակը և ջրի բաշխման ծավալների անհամաչափությունը, որի հետևանքով քաղաքի ստորին թաղի շատ բնակիչներ մասամբ կամ ամբոջությամբ զրկված են խմելու ջրի սեփական աղբյուրից և այն հարկադրված են կրել իրենց ավելի «բախտավոր» հարևաններից: Ստորին թաղի բնակիչներից շատերի «ջրազուրկ» կացությունը տարիներ է տևում և ստեղծում կենցաղային ու սոցիալական շոշափելի լարվածություն: Արդարությունը պահանջում է, որ նրանք նույնպես կարողանան օգտվել իրենց հասնելիք ջրի չափաբաժնից:
Շարունակությունն՝ այստեղ