15:03 , 17 ապրիլ, 2013
Այսօր պարզ դարձավ, որ ՀԱԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ հանրահավաք է կազմակերպելու Ազատության հրապարակում: Այս հանրահավաքը, ըստ էության, լինելու է ընդդիմության ներսում սեփական հնարավորությունները ի ցույց դնելու ցուցադրական միջոցառում: ՀԱԿԿ հիմնադիր համագումարում Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ին ուղղված ռևերանսները և դրան հակառակ` Րաֆֆու քննադատությունը, ապրիլի 30-ին ավելի նյութական կդառնան:
Նախ՝ Տեր-Պետրոսյանը ևս մի քաղաքագիտական վերլուծություն կանի Րաֆֆու գործողությունների ոչ քաղաքական բնույթը ապացուցելու համար:
Երկրորդ` Ազատության հրապարակում հավաքվածների թվով կփորձի ցույց տալ, որ իրական ընդդիմությունը հենց ինքն է, որ կա: Ճիշտ է, այդ հանրահավաքին նույնիսկ ՀԱԿ-ականները դժկամությամբ կգան, բայց հրապարակը լցնելու հարցը Տեր-Պետրոսյանը արդեն լուծել է: ՀԱԿԿ համագումարին ԲՀԿ-ին ուղղված ռևերանսները ապրիլի 30-ին իրենց արդյունքը կտան: Այդ օրը ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱՆ հրապարակ կգործուղի մեծ թվով մարդկանց, և բացառված չէ, որ իր գործողություններին քաղաքական աստառ տալու համար ՀԱԿԿ առաջնորդը հայտարարի, որ Հայաստանում այլևս տրված է ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ հեղափոխության մեկնարկը: Իսկ այդ պարագայում մեզ մնում է միայն գոչել` ԲՈՒՐԺՈՒԱՆԵՐ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ, ՄԻԱՎՈՐՎԵՔ...