Ցուցահանդես` նվիրված Վալմարի 65 ամյակին


13:46 , 17 ապրիլ, 2013

Ապրիլի 22-ին՝ ժամը 15:00-ին, «Վալմար» արվեստի սրահում կկայանա ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է նկարչի 65 ամյակին: «Իսպանական տպավորություններ» թեմայով շարքում ընդգրկված է 22 գեղանկար, որոնք գեղարվեստական մատուցմամբ ներկայացնում են կյանքի պայքարն ու հաղթանակի հասնելու ճանապարհին առկա դժվարությունները: Դրանք ժամանակակից կյանքի արտացոլանքն են կտավի վրա` ներկայացված բարձր գեղարվեստական ճաշակով ու Վալմարին հատուկ յուրօրինակ տեխնիկայով: Նկարներում գերիշխում է շարժումն ու տրամադրությունը, լույսն ու ստվերը: Գեղանկարիչը արվեստասերների դատին է ներկայացնելու Իսպանիա կատարած շրջագայության տպավորությունները: Իսպանիայի գլխավոր խորհրդանիշ համարվող ցլամարտի տեսարանները դարձել են գեղանկարչի ստեղծագործությունների հիմքը: Ամեն տարի իր ծննդյան օրը Վալմարը նոր ցուցադրություն է կազմակերպում, սակայն այս մեկն իր բովանդակությամբ ու համամարդկային թեմայով գերազանցելու է նախորդներին:
Ցուցահանդեսին աջակցել են ՀՀ արտաքին գործերի և Մշակույթի նախարարությունները:
Վալմարը (Վոլոդյա Մարգարյան) ծնվել է 1948թ.-ի ապրիլի 21-ին Գյումրիում:
1972 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը: Աշակերտել է Երվանդ Քոչարին: Ունեցել է 40 անհատական ցուցահանդես, ներկայացված է եղել 120 խմբակային ցուցահանդեսներում:
Վալմարի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում: Բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են անհատական հավաքածուներում: