Ապրիլի 9-ը ոստիկանության համար ստուգարք էր


12:24 , 17 ապրիլ, 2013

Քաղաքական  մեկնաբան

Հատկապես վերջին օրերին մամուլում մի քանի նյութ հայտնվեց, որոնցում ոստիկանության աշխատակիցները իրենց դրսևորած օրինակելի վարքով ու գործողություններով միայն գովեստի խոսքերի էին արժանի: Մի դեպքում, ՃՈ սպայական 1-ին գումարտակի հրամանատարն էր նետվել ջրանցքը և երեխայի կյանք փրկել, մյուս դեպքում, խցանման ժամանակ, ճանապարհային ոստիկանը հիվանդ երեխային արագ հասցրել էր համապատասխան վայր: Ոստիկաններն անշուշտ իրենց ծառայողական պարտքն են կատարել, սակայն դա ոչնչով չի նսեմացնում նրանց քայլը: Ասելով, որ սրանք իրենց բնույթով եզակի դեպքեր են, սխալված կլինենք, սակայն այն, որ վերջին ժամանակներս ոստիկանության գործելաոճում դրական փոփոխություններ են նկատվում՝ ակնհայտ է: Միաժամանակ տեսանելի է, որ ոստիկանության աշխատանքն անթերի չէ, քանզի դեռևս գրանցվում են միջադեպեր, որոնք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, հասարակության կողմից ոչ միանշանակ են ընդունվում:
Ապրիլի 9-ին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած հանրահավաքն ու քաշքշուքները մեծ փորձություն էին ոստիկանության համար: Սակայն ոստիկանության աշխատանքն ու հնարավոր փոփոխությունները գնահատելու համար պետք է դիտարկել ոստիկանության գործողությունները ողջ հետընտրական փուլի կտրվածքով:
Միանգամայն վտանգավոր եմ համարում այն մոտեցումը, որ 2013 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունները համեմատության մեջ են դրվում 2004 թվականի ապրիլի 12-ի և 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ, քանզի սրանց միմյանց կապող միակ հիմքը հետընտրական շրջանն է: Սակայն մնացած գործոնների մասով իրադարձությունները միանգամայն տարբեր են հենց միայն նրանով, որ բախումները, քաշքշոցները ապրիլի 9-ին խիստ լոկալ բնույթ էին կրում, իսկ լարվածության մակարդակը էապես տարբերվում էր նախորդ հանրահավաքներում գրանցվածներից: Վերջապես, ապրիլի 9-ին ոստիկանությունը ընդդիմության ղեկավարի հետ երկխոսության գնաց, ինչը թույլ տվեց զերծ մնալ հետագա սրացումներից:
Թե զարգացման ինչպիսի դինամիկա կնկատվի ոստիկանական համակարգում հետագա տարիներին, ցույց կտա ժամանակը, մնում է հուսալ, որ ոստիկանությունն իր համառ աշխատանքով հասարակությանը «կստիպի» իսկապես փոխել իր նկատմամբ ունեցած վերաբերմունքը ու կկատարի իր հիմնական խնդիրը՝ ծառայել հանուն քաղաքացու: