Ապրիլի 17-ը հեմոֆիլիայի միջազգային օրն է. հիվանդություն, որ պատիժ է ցանկացած մարդու համար


00:57 , 17 ապրիլ, 2013

Այսօր ապրիլի 17-ն է` հեմոֆիլիայի միջազգային օրը: Կարծում եմ շատերը չգիտեն, թե ինչ հիվանդություն է հեմոֆիլիան և ինչ դժվարություններ կան կապված այս հիվանդության հետ: Հեմոֆիլիան համարվում է հազվադեպ հանդիպող հիվանդություն: Ըստ վիճակագրության` 10000-ից մեկը կարող է հիվանդանալ հեմոֆիլիայով: Այն ժառանգական է և անցնում է մորից որդուն: Հիվանդության բարդությունը պայմանաորված է արյան մակարդելիության որոշակի գործոնների բացակայությամբ, որի հետևանքով հիվանդի մոտ նույնիսկ փոքր վնասվածքի դեպքում կարող է առաջանալ ներքին կամ արտաքին արյունահոսություն: Նման իրավիճակում անպայման պետք է ներարկել համապատասխան դեղորայք, հակառակ դեպքում` արյունահոսությունը կարող է շարունակվել երկար ժամանակ և հանգեցնել անգամ մահվան: Այն իսկական պատիժ է ցանկացած մարդու համար, ով, անկախ իր կամքից, ունի այս հիվանդությունը: Պետք է միշտ լինել զգոն, հետևել յուրաքանչյուր քայլի, քանի որ ամենաչնչին հարվածն անգամ կարող է անդառնալի հետևանքներ թողնել հիվանդի առողջության վրա: Հայ հեմոֆիլիկների դեպքում իրավիճակը կրկնակի ծանր է, քանզի նրանց չի հատկացվում անհրաժեշտ ու բավարար ուշադրություն և միջոցներ առողջապահության նախարարության կողմից:Նրանք բոլորն ունեն մեր աջակցության և օգնության կարիքը: