00:45 , 17 ապրիլ, 2013
Zruyc.com-ի զրուցակիցն է 1- 4-րդ դասարանների մաթեմատիկայի դասագրքերի հեղինակ, «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, ում հեղինակած դասագրքերով 2006 թվականից ի վեր սովորում են տարրական դասարանների աշակերտները: Սոկրատ Մկրտչյանի հեղինակած դասագրքերով սովորում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:
— «Ո՞վ կարող է հաշվել:
Տատիկը զամբյուղում դրել է նուռ, տանձ, խնձոր և դեղձ: Նուռը 2 հատ է, խնձորը` 4, դեղձը՝ 4: Քանի՞ տանձ կա զամբյուղում»:
Այս օրինակը առաջին դասարանի մաթեմատիկայի դասագրքից մի առաջադրանք է, որը սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է առաջացրել: Պարո՛ն Մկրտչյան, ինչպե՞ս կբացատրեք՝ ով կարող է հաշել, և որն է այս առաջադրանքի նպատակը:
— Յուրաքանչյուր առաջադրանք ունի իր նպատակը: Տվյալ առաջադրանքը նախատեսված է աշակերտ-ուսուցիչ և աշակերտ-աշակերտ ստեղծագործական քննարկումների հարուցման նպատակով, միաժամանակ այն որպես «բացակայող տվյալներով խնդիր» օգտագործելու մանկավարժական փոքրիկ հնարի կիրառում է, որի նպատակահարմարության մասին մասնագիտական հիմնավորումներ տալու անհրաժեշտությունը չեմ տեսնում՝ այն համարելով մասնագիտական հարթության վրա քննարկելու ենթակա խնդիր:

Ի դեպ՝ ասեմ, որ դասի ընթացքում ստեղծագործական քննարկումը Հանրակրթության պետական կրթական չափորոշչի առաջնային պահանջների (աշակերտների մոտ մտքերը հստակ ձևակերպելու, տրամաբանական դատողություններ կատարելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների ձևավորում) իրականացման մանկավարժական առավել արդյունավետ մեթոդներից է, որից մեծ վարպետությամբ օգտվում են հանրապետության գրեթե բոլոր ուսուցիչները:
Դասագրքի առաջադրանքները կազմված են այնպիսի սկզբունքով, որ մաթեմատիկական գիտելիքներ տալուց զատ, դրանք օգնում են ուսուցիչներին լուծելու նաև բազմաթիվ մանկավարժական խնդիրներ, որոնցից ամենակարևորը երեխաների սոցիալականացման՝ խմբի, հասարակության անդամ դարձնելու խնդիրն է: Սա հիշյալ դասագրքերի մանկավարժական առանձնահատկություններից է: Իսկ երեխաների սոցիալականացման կարևոր արգումենտներից են ընկերոջը լսելու, ընկերոջ խոսքը գնահատելու և շարունակելու, այս կամ այն հարցի շուրջ քննարկումներին մասնակցելու, իր կարծիքը հայտնելու և այն հիմնավորելու, ուրիշների կարծիքները լսելու ու գնահատելու կարողությունների ձևավորումը: Իսկ ահա քննարկվող առաջադրանքի նպատակներից մեկը հենց դա է: Այն անգամ քննարկման առարկա է դարձել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
— Պարո՛ն Մկրտչյան, սա առաջին դասարանի դասագիրք է, արդյոք առաջին դասարանցիները կարո՞ղ են նման ձևով մտածել, քննարկել, կարծիքներ հայտնել:
— Իհարկե կարող են: Անգամ եթե դժվարանան, դա հոգ չէ: Չ՞է որ մեր ու դպրոցի նպատակն է հիշյալ կարողությունների ու հմտությունների ձևավորումը երեխաների մեջ: Գրեթե ամեն օր ես դպրոցներ եմ այցելում, ներկա եմ լինում դասերին, ինքս եմ դասեր վարում: Եվ վստահաբար կարող եմ ասել, որ հատկապես տարրական դասարաններում (ես, որպես դասագրքերի հեղինակ, հիմնականում զբաղվում եմ տարրական դասարաններով) մեր աշակերտների գիտելիքների մակարդակը չի զիճում որևէ այլ երկրի իրենց հասակակիցների մակարդակին: Մի փոքր հետ ենք մնում աշակերտների սոցիալականացման հարցում, որը, սակայն, այսօր ուսուցիչների մեծամասնության պատրաստվածության, նրանց կողմից մանկավարժական նորագույն մեթոդների կիրառաման և դասագրքերում մանկավարժական վերոհիշյալ նորամուծությունների շնորհիվ առաջընթաց է ապրում:
— Ի՞նչ կարող եք ասել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարվող նման քննարկումների մասին: Դրանք վնասո՞ւմ, թե՞ նպաստում են դասագրքերի որակի բարձրացմանը:
— Ընդհանրապես, կրթական համակարգի նկատմամբ սոցիալական ցանցերում ներգրավված հանրության քննադատական ուշադրությունը շատ տեղին է ու ողջունելի: Կրթական համակարգի շահառու ենք բոլորս, և, որպես շահառու, յուրաքանչյուրս պարտավոր ենք գիտակցել կրթական համակարգի բարելավման գործում պատասխանատվության մեր բաժինը և հնարավորության սահմաններում նպաստել համակարգի զարգացմանը: Սոցիալական ցանցերն այս տեսանկյունից կարևոր հարթակ են, հետադարձ կապի բավականին գործուն մեխանիզմ, որտեղ իրականացվող հրապարակային քննադատական վերլուծությունները մեծապես կարող են օգնել մեր կրթական համակարգի, մասնավորապես՝ դպրոցներում օգտագործվող դասագրքերը տարեցտարի ավելի լավը դարձնելու գործին: Հարկ եմ համարում նշել, որ «Զանգակ» հրատարակչությունը համակարգված կերպով իրականացնում է պարբերական միջոցառումներ իր ստեղծած դասագրքերի օգտագործման արդյունքների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով: Մասնավորապես անցած ժամանակահատվածում իրականացված 1-4-րդ դասարանների դասագրքերի ու ուսումնամեթոդական լրակազմի այլ տարրերի վերահրատարակումների ժամանակ հրատարակչությունը համարժեք արձագանքել է հետադարձ կապի տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությանը, փոփոխել ու լրացրել դրանք:
Միևնույն ժամանակ կոչ եմ անում հրապարակային գրառումներում ուսուցչին, դպրոցին ու դասագրքին քննադատաբար անդրադառնալիս գիտակցելու քննադատության օբյեկտի կարևորությունը, քննարկումը տանելու կառուցողական հունով, երբեք թույլ չտալու, որ հրապարակային քննարկումը վերածվի կրթության ոլորտի կառավարման պետական լիազոր մարմնի, դպրոցի, ուսուցչի ու դասագրքի նկատմամբ զանգվածային ծաղրուծանակի:
Իսկ որպես սոցիալապես պատասխանատու հրատարակչություն՝ մենք պարտավորվում ենք հետագայում ևս մեր դասագրքերի վերահրատարակումների ժամանակ իրականացվող բարելավումների և լրացումների գործընթացում հաշվի առնել ինչպես կրթության ոլորտի մասնագետների, այնպես էլ կրթական համակարգի այլ շահառուների կառուցողական քննադատական ակնարկները:
— Ի՞նչ կցանկանայիք ասել մեր ծնողներին, հատկապես տարրական դասարանների ծնողներին, ովքեր, բնականաբար, ավելի են անհանգստանում իրենց երեխայի կրթության ու դաստիարակության համար:
— Առաջարկում եմ ավելի ուժեղացնել կապը դպրոցի, ուսուցչի, հրատարակչության ու դասագրքերի հեղինակների հետ: Քննարկե՛ք, քննադատե՛ք, առաջարկություննե՛ր արեք, ձեզ հուզող հարցերը քննարկե՛ք նրանց հետ, սակայն միաժամանակ վստահե՛ք նրանց: Հիշե՛ք, որ գործ ունեք այն մարդկանց հետ, ովքեր հանձն են առել ու փորձում են Ձեր երեխայի ուսման ու դաստիարակության խնդիրը լուծել առավել բարձր մակարդակով:
«Զանգակ» գրատան սրահում պարբերաբար կազմակերպվում են բաց դասեր տարբեր դպրոցների աշակերտների մասնակցությամբ, որոնց զուգահեռ անցկացվում են սեմինարներ թե՛ ուսուցիչների և թե՛ ծնողների համար: Առաջարկում եմ պարբերաբար մասնակցել այդ դաս-սեմինարներին:
Սահականուշ Պողոսյան