Երեք բուհ եմ ավարտել, բայց ԶՈւ-ում իմ պարտքը կատարել եմ. Վիգեն Սարգսյան


13:50 , 25 հոկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Այս նախագծի հիմքում երկու լրջագույն խնդիր է ընկած՝ կանխել կոռուպցիան և հաստատել արդարություն այս ոլորտում, և բանակը դարձնել գրավիչ։ Ձեր կարծիքով, նախագիծն այս խնդիրը լուծելու՞ է, թե՞ ոչ»։ ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նման հարց ուղղեց հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։

«Նախագծի փիլիսոփայությունն առաջին հերթին բանակը սոցիալական վերելակի վերածելն է։ Այսինքն նրանք ովքեր ընտրում եմ բանակում ծառայության հատուկ տեսակներ, այդ թվում երեք տարվա սպայական ծառայությունը, կամ կամավորական հիմունքներով ընտրում են ավելի բարդ՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայությունը, պետք է արդյունքում ստանան զգալի արտոնություններ և դրանք օգտագործեն իրենց սոցիալական կարգավիճակի բարելավման, հետագա խնդիրների լուծման համար։ Բանակը պետք է նաև ուսուցանող գործառույթ իրականացնի և զուգահեռ բազմաթիվ ծրագրերով փորձում ենք լուծել այդ խնդիրը։ Իհարկե, ես չեմ համարում, որ օրենքի ընդունմամբ խնդիրը կարող է լուծվել, օրենքը ստեղծում է հնարավորություն, դաշտ՝ ակտիվ աշխատանքի միջոցով այդ քաղաքականությունն իրականացնելու։ Բայց չափազանց կարևոր է, որպեսզի այս դրույթներն ընդունվեն, որ հնարավոր լինի այդ ծրագրերը լիարժեք կյանքի կոչել»,- պատասխանեց հիմնական զեկուցողը։

Պատգամավորն արձագանքեց՝ ասելով. «Կարող եք նշել թվել, արդեն իսկ կա՞ն կամավորենր, ովքեր դիմել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի համար»։

Սրան ի պատասխան նախարարն ասաց, որ ծրագրերի մինչև իրավական հիմքեր չունենան օրենքի ընդունմամբ, չեն կարող ակտիվ գովազդել և հավաքագրել մարդկանց. «Բայց մենք անցկացրել ենք հարցումներ երիտասարդների, ուսանողների շրջանում, և պետք է ասեմ, որ բավականին դրական են արդյունքները։ Վստահ եմ, որ երկու ծրագրերն էլ լինելու են պահանջված»։

Պաշտպանության նախարարին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, նշելով թե նախարարը կարևորել է, որ այս նախագիծն ընդունվի կոնսենսուսով. «Այդ կոնսենսուսին հասնելու համար որքա՞ն է  ձեր անձնական փոխզիջումային պատրաստակամությունը, քանի որ բազմաթիվ լավ դետալներին զուգահեռ կան որոշ դետալներ, որոնք հասարակության, նաև խորհրդարանականների կողմից չեն ընդունվել»։

Նախարարը նշեց, թե հանրային քննարկումների նպատակը հենց դա էր, և չի հիշում նրանց հետ հանդիպման ժամանակ հնչած որևէ բովանդակային առաջարկ, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերում չի ներառվել:

«Ես բավականին ճկուն եմ քաղաքականություն մշակելիս, արել եմ ամեն ինչ, որ լսեմ բոլորի ձայնը, այդ ձայնի մեջ չի եղել դեմ կարծիք, չի եղել առաջարկ, որը մանրամասն չի քննարկվել։ Ուզում եմ ևս մեկ անգամ  հստակեցնել, որ մենք ընդամենն իրավական դաշտն ենք ձևավորում, բայց նախատեսված է, որ ծառայության պայմանները և կանոնները պետք է սահմանվեն կառավարության կողմից: Մենք կարող ենք լրացուցիչ դեպքեր քննարկել՝ գիտությամբ զբաղվող առանձնահատուկ հաջողության հասած երիտասարդ գիտնականների ծառայության հատուկ պայմաններ ապահովելու համար: Քաղաքականությունը ելնում է նրանից, որ պետք է ծառայեն բոլորը. ով ի վիճակի է ծառայել որպես սպա՝ բարձրագույն կրթություն ունեցող կամ գիտական ներուժ ունեցող մարդը կարող է ծառայել որպես սպա, ով չի ցանկանում, ուզում է արագ երկու տարի շարքային ծառայություն անցնել, կարող է այդ տարբերակն ընտրել: Որևէ պարտադրանք այս քաղաքականություններն իրենց մեջ չեն պարունակում, ընդամենը լրացուցիչ հնարավորություն է տալիս ընտրելու, թե ինչ ձևով է քաղաքացին իր սահմանադրական պարտքը կատարել»,-ասաց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։