«...Օ, դուք, ողբալի պնակալեզներ...». Չարենցը դաշնակների մասին


12:55 , 16 ապրիլ, 2013

Ինչպես կասեր Հայրիկյանը, հարյուրամյա զառամյալ ծերունին` Դաշնակցությունը, որը հարյուր տարի նույն երգն է երգում, սկսեց քարոզարշավը հին մեթոդների «ռեմիքս» տարբերակով: Իսկ հին մեթոդը, ինչպես միշտ, ուրիշների վրա ցեխ շպրտելով քաղաքական էժանագին դիվիդենտներ շահելն է, բանսարկություններով, բամբասանքներով ու տակ քանդելով զբաղվելն է: Ինչևէ, անցնենք բուն թեմային: 
Երևանի ավագանու ՀՅԴ ցուցակում տեղավորված Արթուր Եղիազարյան անունով մեկը ճանաչելի դառնալու յուրատեսակ փորձ է արել: Նա ոչ ավել, ոչ պակաս իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «Քիչ առաջ բնակիչներից մեկը զանգեց շտաբ և ասաց, որ ՀԱԹ-ում ՕԵԿ-ը մեկ ձայնի համար խոստանում է 4 տուփ խտացրած կաթ և կես կիլոգրամ մեղր: Իսկ ձեր թաղամասում ի՞նչ են խոստանում»: Այ, այ, այ…. Այ քեզ բացահայտում դաշնակցական ոճով: Գիտեք, էն օր էլ փողոցով անցնում էի ու լսեցի, թե ինչպես մի քանի անծանոթներ խոսում էին, որ Դաշնակցությունը լոբի, ծխախոտ ու բոնբոներկա է խոստանում քվեի դիմաց, իսկ ձեր թաղում պատահաբար արևածաղիկ չի՞ բաժանում: Ժողովուրդ, մի տեսակ լուրջ չի, չէ՞: Սա կատակ էր, իհարկե: Ես ոչ էլ Ֆեյսբուքում նման գրառում կանեմ: Նախ՝ իմ անունը Արթուր Եղիազարյան չէ, երկրորդը՝ ես դաշնակ չեմ, և երրորդը` ուրիշին վարկաբեկելու հաշվին ճանաչելիություն ձեռք բերելու խնդիր չունեմ: 
Այստեղ է, որ ակամայից մտաբերում ես դաշնակներին նվիրված Չարենցի հայտնի ձոնից մի տող «... Օ, դուք, ողբալի պնակալեզներ...»: Ախր ինչպե՞ս հավատաս Արթուր Եղիազարյանին, երբ կրկին հիշում ես մեծ հայորդու` Նժդեհի` դաշնակներին ձոնված հետևյալ տողերը «...դաշնակները այնքան հզոր չեն, որպեսզի միավորեն ազգը, սակայն բավականին հզոր են, որպեսզի պառակտեն այն...»: Թողնենք ՕԵԿ-ին ու հին, բայց ջահել ընկեր Արթուր Եղիազարյանին, և խոսքս խտացրած կաթով ու մեղրով կտրեմ ու մի քիչ էլ խոսեմ հին ընկերներից: 
Այսպես, դաշնակների վիճակը ծիծաղելի կլիներ, եթե այդքան զավեշտալի չլիներ: 
Դաշնակցությունը խորհրդարանում ամենաշատ տեղերը կորցրած կուսակցությունն է (հիշեցնենք, որ ՀՅԴ-ն այս խորհրդարանում ունի 5 պատգամավոր` նախկին 16-ի փոխարեն): Ինչո՞ւ է այս կուսակցությունն այսքան ցած իջել 120-ամյա իր «բարձրունքից», մի՞թե էլ ոչ մի հույս չկա ազնիվ պայքարում քվե ստանալ:
Իրականում դաշնակներն իրենց տեղը չեն գտնում: Անցյալում են քոչարյանական` ՀՅԴ-ի համար այդքան երանելի տարիները: Դրանք տարիներ էին, երբ Հայաստանում ոչ մի արդար ընտրություն չի եղել, իսկ այդ անարդարության մասին դաշնակները չեն բարձրաձայնել: Իսկ Քոչարյանին ետ բերելու դաշնակցական հույսերը խորտակվեցին մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո:
Կեղծ ընդդիմադիրի կեցվածքով փորձելով խոսել ընտրակաշառքների մասին` դաշնակները մոռանում են, որ մամուլում բավականին տեղեկություններ տարածվեցին դաշնակների բաժանած 10000 դրամ ընտրակաշառքների մասին: Արարատ-Վեդիի մի շարք ընտրատեղամասերում այլ կուսակցության ստացած ձայները ԿԸՀ-ն արձանագրել է ՀՅԴ-ի հաշվին, իսկ գագաթնակետը, ըստ որոշ տեղեկությունների, ընկեր Վահանի կողմից բաժանված «зонт»-երն (անձրևանոց) էին: Սակայն մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ դաշնակներին չօգնեցին ոչ ընկեր Վահանի «зонт»-երը, ոչ էլ այդ կուսակցության 120-ամյա «понт»-երը: Դե, բնականաբար, Երևանի ընտրություններում էլ դժվար թե օգնի: