Քենու հետ սիրային կապի մեջ մտած հոկտեմբերյանցի փեսան դաժանաբար ծեծել է զոքանչին ու կնոջը


01:53 , 23 հոկտեմբեր, 2017

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Հակոբ Մ.-ի գործի դատական քննությունը:

25-ամյա Հակոբին մեղադրանք էր առաջադրված կնոջ ու զոքանչի նկատմամբ մի քանի դրվագով բռնություն գործադրելու համար:

Հակոբի ընտանեկան անդորրը խախտվել է այն պատճառով, որ կնոջ քույրը՝ Անժելան (անունը փոխված է), սիրահարվել է Հակոբին ու «հասել է իր նպատակին»՝ սիրային կապի մեջ է մտել փեսայի հետ:

Ըստ Հակոբի ցուցմունքի՝ ինքը շուրջ մեկ ամիս Անժելայի հետ գտնվում է սիրային հարաբերությունների մեջ:

Մինչ այդ՝ 2017 թվականի մարտ ամսին ինքը զոքանչին՝ Քնարիկին (անունը փոխված է), զգուշացրել է, որ Անժելան իրեն սիրո խոստովանություն է արել: Զոքանչին խնդրել է, որ ուշադրություն դարձնի Անժելային:

Դրանից հետո իր ընտանիքում սկսվել են վիճաբանություններ: Զոքանչն ու աները Անժելային արգելել են իրենց տուն գալ, բայց Անժելան նրանց չի ենթարկվել, պարբերաբար եկել է իրենց տուն:

Մարտի 24-ին, ժամը 13-ի սահմաններում ինքը կնոջ՝ Ալլայի (անունը փոխված է) հետ գտնվում էր տանը, երբ իրենց այցելել է Անժելան:

Իրենք բակում շուրջ հինգ րոպե զրուցել են: Այդ ընթացքում իրենց բակ է եկել զոքանչը՝ Քնարիկը: Նա սկսել է անպատվել դստերը՝ Անժելային, պահանջել է, որ Անժելան հեռանա իրենց բակից ու տուն գնա:

Ինքը չի ցանկացել, որ զոքանչը իր բակում անպատվի Անժելային: Բռնել է զոքանչի ձեռքից ու քաշելով դուրս է բերել բակից: Չի թողել, որ նա նորից բակ մտնի:

Ըստ մեղադրանքի՝ Հակոբը զոքանչի հետ վիճաբանել է, ոտքով հարվածել է նրա որովայնին, երեք-չորս անգամ էլ բռունցքով խփել է մեջքին:

Հակոբի կինը՝ Ալլան, փորձել է միջամտել, թույլ չտալ, որ ամուսինը հարվածի մորը: Հակոբը բռունցքով հարվածել է նաև Ալլայի գլխին ու մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ըստ Հակոբի ցուցմունքի՝ այս բուռն տեսարանից հետո ինքը քենուն՝ Անժելային տարել է Արմավիր, իսկ երբ վերադարձել է, կինը՝ Ալլան, արդեն տնից հեռացել էր:

Մարտի 29-ին կինը՝ Ալլան, երկու համագյուղացու հետ եկել է իրենց բակ, որ վերցնի իրերն ու հեռանա իրենից: Նա շատ բորբոքված էր, կռվել է, սկսել է կոտրել բակում դրված սպասքը, ապա բարձրացել է երկրորդ հարկ, հրել է լվացքի մեքենան:

Ըստ մեղադրանքի՝ Հակոբը բռնել է Ալլայի հագուստից ու երկրորդ հարկի աստիճաններով քարշ տալով իջեցրել է բակ, որտեղ բռունցքով խփել, Ալլային գցել է գետնին, հետո քարշ տալով դուրս է բերել բակից:

Դատական վերջին նիստում տուժողները՝ Հակոբի կինն ու զոքանչը, հայտարարել են, թե հաշտվել են Հակոբի հետ, ներել են նրան, չեն ցանկանում, որ ենթարկվի քրեական պատասխանատվության:

Մինչև այդ պահը իրեն մեղավոր չճանաչող Հակոբն ընդունել է մեղքը, հայտնել է, որ ինքն էլ է հաշտվել տուժողների հետ, նրանցից ներողություն է խնդրում և ցանկանում է, որ քրեական գործի վարույթը կարճվի՝ տուժողների հետ հաշտության հիմքով:

Հակոբին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ 3 դրվագով, իսկ դա մասնավոր բողոքի հիման վրա առաջադրվող մեղադրանք է:

Դատարանը քրեական գործի վարույթը կարճել ու դադարեցրել է Հակոբ Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը՝ տուժողների հետ հաշտության հիմքով: