Առիթներ եղել են հաստատելու վերջին տարիներին Մերձավոր Արևելքում իրանական գործոնի ազդեցության մեծացման միտումը


09:30 , 18 հոկտեմբեր, 2017
Առիթներ եղել են հաստատելու վերջին տարիներին Մերձավոր Արևելքում իրանական գործոնի ազդեցության մեծացման միտումը։ Դա, մասնավորապես, դրսևորվում էր սիրիական ճգնաժամում իրանական կողմի ուղղակի, թե անուղղակի ակտիվ ներգրավվածությամբ։ Նախևառաջ սիրիական գործընթացներում է դրսևորվում, գլխավորապես միջնորդավորված տեսքով, Իսրայել-Իրան հակամարտությունը։ Հաշվի առնելով Իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացում իսրայելական գործոնի կարևորագույն նշանակությունը, ինչպես նաև հարցի հետ կապված Իրանում առկա մտահոգությունները՝ սպասելի էր Իսրայել-Իրան հակամարտության տեղայնացում նաև իրաքյան քրդերի ուղղությամբ։ Ինչպես արդեն նշել էի քանիցս, Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեից հետո ստեղծված նոր իրավիճակում հնարավորություններ կան այս ուղղությամբ ևս լոկալ նշանակության ռազմական բախումների համար։ Իրաքի կենտրոնական իշխանությունների կողմից Քիրքուքի ուղղությամբ ռազմական գործողությունների ձեռնարկման գործում հատկապես զգալի է իրանական կողմի դերակատարումը։ Կարծում եմ՝ առաջիկայում Իսրայելի հակապատասխանը չի ուշանա, և ականատես կլինենք Իրաքյան Քուրդիստանի շուրջ ստեղծված նոր իրադրությունում Իսրայել-Իրան միջնորդավորված նոր դիրքային պայքարի։