Մենք հիմա ըմբոշխնում ենք դեմոգրաֆիկ փոսի արգասիքները


13:04 , 16 հոկտեմբեր, 2017

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք հիմա ըմբոշխնում ենք դեմոգրաֆիկ փոսի արգասիքները։ Հիմա համալսարանական ու զորակոչային տարիքում գտնվում են հենց այն տարիներին ծնված երեխաները, երբ ծնելիությունը խայտառակ քիչ էր։ Ու առաջիկա մի քանի տարիներին այդ փոստ պահպանվելու է ու միայն 5-7 տարի հետո է սկսելու աստիճանաբար վերականգնվել։

Կրկնում եմ` սա ոչ մեկի համար գաղտնիք չէ․․․ բացի ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից, ով արդեն մի քանի օր է, ինչ տագնապի զանգի պես ղողանջում է, որ համալսարանները բարդ կացության մեջ են, ու ակնարկում է ուղղակի և անուղղակի կերպով, որ պետական ֆինանսավորումն ու աջակցությունը պետք է մեծացնել բուհերի համար։

Իրականում ոչ մի հավելյալ ֆինանսավորում էլ պետք չէ, զորացրվածների զեղչերը չեղարկել պետք չէ, այլ ռեֆորմներ պետք չեն։ Պետք է միայն երկու բան, որոնք միակ ճիշտն են ստեղծված իրականության ու պարզ տրամաբանության պայմաններում․

1․ Բուհերի խոշորացում

Հայաստանին այսքան բուհ պետք չէ։ Ու պետք չէր անգամ այն տարիներին, երբ 17-18 տարեկանների թիվը չէր հասնում 20000-ի։ Պետք է լինի բուհերի խոշորացում ու կադրերի օպտիմալացում։ 2 միլիոնանոց երկրում միայն դիպլոմի ֆետիշով կարելի է բացատրել այս քանակությամբ ու խոշորությամբ բուհերի առկայությունը։

2․ Բուհերում ֆինանսական միջոցների ավելի արդյունավետ կառավարում

Տրիվիալ բան գուցե ասեմ, բայց եթե բուհերում ավելի քիչ փող ուտեն, ավելի քիչ ապուշ ծախսեր անեն, չափավորեն իրենց ախորժակներն ու ամբիցիաները, ապա անգամ այս պայմաններում կարելի է առանց հավելյալ պետական ֆինանսավորման էշը ցեխից հանել, մանավանդ երբ ամեն տարի ավելի ու ավելի են թանկացնում ուսման վարձերը։

Այնպես որ, պետք չէ ողբերգություն սարքել մի բանից, ինչն իրականում լավ է․ գուցե հենց այս ճգնաժամի միջոցով որոշակի զտում ու օպտիմիզացիա լինի, որը հնարավորություն կտա, որ մի 10-15 տարի հետո ունենանք ոչ թե բանակից ուխոդվող տուրիստներից անորակ մասնագետներ բուծող ինչ-որ հեղհեղուկ համակարգ, այլ ավելի կոմպակտ, մոբիլ ու ադեկվատ բան, որում ուսանողները մրցակցային գիտելիքներ կկարողանան ձեռք բերել։