Կառավարությունում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը


16:52 , 13 հոկտեմբեր, 2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը մշակվել է կառավարության ղեկավարի՝ ապրիլի 27-ի հանձնարարականի հիման վրա:  Զեկուցվել է, որ նախագիծը ներկայացվել է  շահագրգիռ գերատեսչություններին, վերջիններիս կողմից ստացվել են տարբեր առաջարկություններ ու դիտողություններ: Դրանց վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունելուց հետո նախագիծը կներկայացվի կառավարություն և Ազգային ժողով:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Խորհրդակցության ընթացքում նախագծի առանձին կետերի հետ կապված քննարկում է ծավալվել: Վարչապետ Կարապետյանն անհրաժեշտ է համարել  նախագիծը լրացուցիչ քննարկել փորձագիտական շրջանակների, միջազգային կառույցների հետ: 

«Այն իր կարգավորումներով պետք է համահունչ լինի կառավարության որդեգրած ծրագրին ու ժամանակակից մոտեցումներին: Աշխատանքային օրենսրգիրքը կարևոր փաստաթուղթ է, որը գործատու-աշխատող հարաբերություններում պետք է ճիշտ հիմք դնի»,- ասել է Կարեն Կարապետյանը: