Կեսարյան հատումը կենդանիներին գիրացնում է. գիտնականներ


20:00 , 12 հոկտեմբեր, 2017

Մկները, որոնք լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով, ավելորդ քաշ են հավաքում, և նրանց աղիների միկրոբիոմը զարգանում է ավելի դանդաղ։

Նյու Յորքի համալսարանի հետազոտողները նկատել են, որ կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ գալն ազդում է լաբորատոր մկների առողջության վրա հասուն տարիքում։ Դա անդրադառնում է նրանց աղիների միկրոֆլորայի և մարմնի քաշի վրա։ Այս մասին ասվում է ScienceAdvances ամսագրում հրապարակված հոդվածում։

Գիտնականները մի քանի շաբաթ շարունակ հետևել են մկների երկու խմբերի զարգացմանը։ Առաջին դեպքում մկները ծնվել էին բնական ճանապարհով, երկրորդ դեպքում՝ կեսարյան հատման միջոցով։ Կաթով կերակրման դադարեցումից հետո 4 շաբաթ անց կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ եկած մկների աղիների միկրոֆլորան եղել է «ոչ հասուն»։ Հայտնի է, որ միկրոֆլորան ազդում է մարսողության և ընդհանուր առմամբ նյութափոխանակության վրա, ինչն էլ իր հերթին անդրադառնում է օրգանիզմի զանգվածի վրա։