Պարսիկ կոմպոզիտորը՝ «Հետհաշվարկ» հոգեբանական թրիլերի սաունդթրեքի հեղինակ


19:00 , 12 հոկտեմբեր, 2017

Աստղային դերասանական կազմ ու մասշտաբային նկարահանումներ. հոկտեմբերի 21-ից Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կցուցադրվի «Հետհաշվարկ» 25 մասանոց հոգեբանական թրիլերը: Դրաման յուրահատուկ է նաև երաժշտական ձևավորման առումով: BlogNews.am-ի հետ զրույցում ռեժիսոր Ելենա Արշակյանն ասաց, որ առաջին անգամ «Հետհաշվարկ»-ի շրջանակում համագործակցել են պարսիկ երաժիշտ Շահին Դանիշվարի հետ: 22-ամյա Շահինը երաժիշտների ընտանիքից է, 5 տարի է, ինչ Հայաստանում է ապրում: Սովորում է Կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում, տիրապետում է մոտ 12 երաժշտական գործիքի:  Պարզվում է՝ Շահինն այս ոլորտում այնքան էլ սկսնակ չէ․ պարսկական կարճամետրաժ 7 ֆիլմի ու 10 ներկայացման համար երաժշտություն է հեղինակել:

«Առաջարկը եղել է Շահինի կողմից: Ես սկզբում թերահավատորեն էի վերաբերվում դրան, սակայն երբ հանդիպեցինք, ու ես լսեցի նրա գործերը, հասկացա, որ մեր նախասիրությունները բավականին մոտ են: Փորձեցի  ռիսկի գնալ ու համագործակցել Շահինի հետ: Երաժշտությունը գրվել է սցենարի հետ զուգահեռ: Որոշ գործիքներ գրվել են կենդանի: Սա, կարծում եմ, եզակի բան է, որ անգամ երգիչ-երգչուհիները իրենց հաճախ թույլ չեն տալիս:  Շահինը եղել է նկարահանման հրապարակում, անձամբ է տեսել նկարահանման ընթացքը, ինչը շատ ողջունելի է: Խնդիր ունեիք, որ երգում արևելքը շատ չլիներ, ու Շահինի մինիմալիզմն ինձ դուր եկավ այս առումով»:

Կլասիկ քիչ տարրերի գործածում ու մաքսիմալ էմոցիոնալ մատուցում. Շահինի կարծիքով՝ «Հետհաշվարկ»-ի երաժշտության կարևոր յուրահատկություններից մեկն էլ հենց դա է, որ կարողացել են երաժշտական քիչ գործիքներով ստանալ ազդեցության մեծ դաշտ. «Երաժշտությունը միջազգային լեզու է, որը կարիք չունի տարանջատման: Սա հայկական ու պարսկական երաժշտությունների միքս է լինելու: Օգտագործել ենք գործիքներ, որոնք բնորոշ են արևելյան մշակույթին, օրինակ՝ պարսկական հարվածային գործիք դաֆը: Արել ենք ամեն ինչ, որ երաժշտությունը բոլոր ազգերը հասկանան ու ընկալեն»:

IMG_1362

Շահինը վստահեցնում է՝ կայանալու ու առաջընթացի համար Հայաստանը լայն հնարավորություններ է տալիս. «Վերջին տարիներին Պարսկաստանում կինոն առաջնային դիրքերում է, դրան զուգահեռ՝ նաև երաժշտությունը: Հայաստանն էլ հետ չի մնում այս առումով: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստեղծվեց աշխատելու այսպիսի թիմի հետ: Պատասխանատու աշխատանք էր, հուսով եմ՝ պատվով եմ հաղթահարել»:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի