Մ6-ի հետքերով


16:12 , 12 հոկտեմբեր, 2017

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) 90 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են և կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս:

Վերջին շրջանում անընդհատ խոսվում է տարբեր ճանապարհների շինարարությունների մասին: Հաճախ անգամ տեսակետներ են հնչում, թե ՀՀ ներկայիս սոցիալ-տնտեսական գերբարդ իրավիճակում կոմունիկացիաներին գումար հատկացնելը և այդօրինակ ծախսերն այդքան էլ ճիշտ չեն և չունեն էական նշանակություն: Ոմանք անգամ նշում են, որ Մ6 ճանապարհը տնտեսական առաջնային նշանակություն չունի, այն ներդրումները, որ նախատեսվում է անել մինչև 2020 թվականը՝ ճանապարհի վերջնական շահագործումը, չեն արդարանա:
Հարկ է հիշել, որ վրացական սահմանով ՀՀ մտնող «ֆուռերի» 60 տոկոսը նախընտրում է բեռը Երևան հասցնել հենց այս երթուղով անգամ ձմռանը, ռելիեֆային բավականին անհարմար ու բարդ պայմաններում: Մայրուղին ունի միջին ծանրաբեռնվածություն, յուրաքանչյուր օր այս հատվածով անցնում է շուրջ 3000 մեքենա:

Նշեմ, որ հիմնանորոգումը մասշտաբային է, բացի այդ՝ որոշ հատվածներում ճանապարհը լայնացվում է, ինչի հետևանքով անհրաժեշտություն էր առաջացել տեղափոխել ենթակառուցվածքները, այդ թվում՝ խմելու ջրագիծը: Ներկայումս համահարթեցվում է հողային պաստառը, կառուցվում են կողնակները և կողային առուներ, տեղադրվում են ճանապարհային պատվածքի հիմքի շերտերը, վերականգնվում է ջրահեռացման համակարգը: Այս պահին ասֆալտապատումն ու անվտանգության էլեմենտների տեղադրումն ավարտված է Վանաձորին հարող շուրջ 7 կմ երկարությամբ ճանապարհահատվածում: 
Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով` ոլորապտույտ ճանապարհահատվածի հորիզոնական ծրագրի փոփոխություն է կատարվել, մեղմվել է ճանապարհի երկայնական թեքությունը, հողային պաստառի կայունությունն ապահովելու նպատակով կառուցվել է երկաթբետոնե ստորին հենապատ:
Կատարվել են հողային աշխատանքներ, նոր հենապատերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման և գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման աշխատանքներ:

Բոլոր երեք հատվածներում շինարարությունը բնականոն հունով շարունակվում է, վերջին օրերին տեղացող անձրևներից հետո օդերևութաբանները արևոտ եղանակ են խոստացել:

Տասնամյակներ շարունակ հիմնանորոգման կարիք ունեցող այս ճանապարհը պատրաստ կլինի 2018թ.-ին, և բնակիչներին պատճառվող անհարմարությունը կփոխհատուցվի հարմարավետ և նորոգ ավտոճանապարհով:

Ճանապարաշինության և ճանապարհային հանգույցները յուրաքանչյուր երկրի համար ունեն ռազավարական և առաջնային գերկարևորություն, և ըստ այդմ՝ յուրաքանչյուր իրավիճակում պետք է պատրաստ լինել ընդունել ցանկացած մարտահրավեր: ՀՀ դեպքում խնդիրն ունենում է նաև առաջնայություն այն առումով, որ Հայաստանը պատերազմող երկիր է, և ցանկացած պահի կարող են պայթել տարածաշրջանային լուրջ բախումներ, և հենց Մ-6-ը պետք է հանդիսանա կենտրոնի հետ կապող հուսալի և կարևոր կապը: