Անկարա-Թել-Ավիվ տանդեմին փոխարինելու է գալիս Իրաքյան Քուրդիստան-Իսրայել դաշինքը


12:48 , 12 հոկտեմբեր, 2017
Ելնելով թուրք-ամերիկյան հակասությունների խորացման ընդհանուր տրամաբանությունից՝ չի բացառվում այն սցենարը, որի համաձայն՝ ԱՄՆ-ում և Իսրայելում ձևավորվել է որոշակի կոնսենսուս՝ Մերձավոր Արևելքում Թուրքիայի դերակատարման վերանայման հարցում։ Ըստ այդ սցենարի, Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական, տնտեսական-էներգետիկ ոլորտներում Թուրքիային ընձեռնված նախկին բացառիկ «լիազորությունները» էապես սահմանափակվում են։ Այս սցենարի օգտին է խոսում այն, որ նույն Միացյալ Նահանգներում և Իսրայելում արդեն ուրվագծվում է որոշակի փոխհամաձայնություն Մերձավոր Արևելքում նոր տարածաշրջանային դերակատարողի ներկայացվածության հարցի շուրջ՝ ի դեմս Իրաքյան Քուրդիստանի։ Եթե շարժվենք այս սցենարային տրամաբանությամբ, ապա առաջիկա տարիներին տարածաշրջանում ականատես կլինենք Թուրքիայի դիրքերի թուլացման միտումներին, իսկ այդ վակուումը կլրացվի Իրաքյան Քուրդիստանով։ Արդյունքում Մերձավոր Արևելքում նախկինում գործող Անկարա-Թել-Ավիվ տանդեմին փոխարինելու է գալիս Իրաքյան Քուրդիստան-Իսրայել դաշինքը։