«Քաղաքական աղոթք», կամ Աստված այլ կերպ է աշխատում


10:03 , 15 ապրիլ, 2013

«…Երբ փոքր էի, Աստծուց հեծանիվ էի խնդրում… Այնուհետև հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում… Ես գողացա հեծանիվը և սկսեցի նրանից ներողություն խնդրել»: Աշխարհահռչակ մաֆիոզ, գանգստեր, ռեկետի արքա, կոզա նոստրայի «տաղանդավոր» կնքահայրերից մեկի՝ Ալ Կապոնեի այս հանրաճանանչ արտահայտությունը շատ խորիմաստ է: 
Աղոթել` ինչքան գեղեցիկ ու վեհ երևույթ, երևույթ, երբ մարդը առաջին հերթին մնում է մեն-մենակ իր և Աստծո առջև, և սկսվում է նրանց պայմանական «երկխոսությունը»: Աղոթելը շատ անգամ զուգահեռվում է մեղքերի թողության հետ: Երբ քաղաքական գործիչը քաղաքական նկատառումներից ելնելով սկսում է հրապարակավ աղոթել, դա այլ կերպ, քան «քաղաքականության էֆեկտիվ գործիք» կոչել, ըստ իս, չի կարելի: Սակայն եկեք նորից վերադառնանք Ալ Կապոնեի արտահայտությանը...: Երբ կարդացի Չիկագոյից հանրահայտ կնքահայր Ալ Կապոնեի վերոհիշյալ արտահայտությունը, հասկացա, որ այս երևույթը եզակի չէ, քանզի այն Հայաստանում արդեն ընդունված տարբերակ է: Հարգելի ընթերցող, այսօր եկեղեցիներում հաճախակի կարելի է հանդիպել գլուխը Աստծու առջև խոնարհած պետական չինովնիկներից շատերին: Նայելով նրանց հնազանդ կեցվածքին՝ մտքովդ անգամ չի կարող անցնել, որ նրանցից շատերը 1 ժամ առաջ իրենց հանցավոր գործունեությամբ նորից ու նորից երկրի տնտեսությունը տարան դեպի անդունդ: Երբ այդ նույն եկեղեցում տեսնում ես ընդդիմադիր դաշտի կարկառուն դեմքերին, սկսում ես ակամայից մտածել` Տեր աստված, հետաքրքիր է այս մարդիկ ի՞նչ մեղք ունեն գործած ժողովրդի հանդեպ: Այն, որ նրանցից շատերը ի սկզբանե պարկեշտ մարդիկ են, դա անմեկնաբանելի է, բայց ինչպես յուրաքանչյուր բանական էակ, նրանք նույնպես հաշվետու են Աստծո առաջ և ունեն իրենց յուրահատուկ մեղքերը...
«Քաղաքականությամբ զբաղվողը և դատավորը հնարավորություն ունեն մի քանի անգամ շատ մեղք գործել, քան սովորական քաղաքացին». Մոնտեսկեի այս արտահայտությունը կարծես հուշի մեզ, թե ինչպիսի վնաս պահի տակ կարող են մեզ հասցնել քաղաքական գործիչները: Այն, որ Րաֆֆին միանշանակ ազնիվ և հայրենասեր գործիչ է, դա նույնիսկ իշխանության ներկայացուցիչները չեն ժխտում: Սակայն նրա հնարավոր գործած սխալները տասնյակ անգամ ճակատագրական և վտանգավոր կարող են լինել ժողովրդի համար, քան սովորական չինովնիկի առօրյա գողությունը: Եվ երբ ես ապրիլի 9-ին նայում եի, թե ինչպես է աղոթում Րաֆֆին, իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ նա քաջ գիտակցում է, որ իր գործած սխալները հիրավի աղետ կարող են բերել հայ ազգին: Նրա աղոթքը մի պահ ինձ հանգստացրեց, քանզի աղոթքից հետո, ինպես կանոն, գոնե մի պահ մարդ զերծ է մնում սխալներից: Սակայն, երբ տեղեկացա, որ նա մեկնել է Մոսկվա և դիմելու է օտարներին (խնդրում եմ այստեղ օտար բառը չխառնել թշնամի բառի հետ), որպեսզի նրանք միջամտեն մեր ներքին խոհանոցին, և դրանով իսկ Հայաստանի վարկանիշը նորից կընկնի, ես հասկացա, որ Րաֆֆին անպատճառ պետք է ևս մեկ անգամ անհապաղ աղոթի...