«Հայկական ժամանակ». Երկրում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը լուրջ սթրես է առաջացրել


10:05 , 11 հոկտեմբեր, 2017
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը լուրջ սթրես է առաջացրել Հայաստանում:
 
Օրենքի ընդունման ջատագովները կառավարության ներկայացուցիչներն են, ովքեր իրենք էլ խոստովանում են, որ նման օրենքի անհրաժեշտություն առաջացել է Միջազգային կառույցների առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Օրենքին կողմ է արտահայտվում նաև հանրության առաջադեմ խավը, ինչպես նաև արևմտյան կառույցների հետ աշխատող և Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց  արևմտյան ազդեցության գոտի տեղափոխելու կողմնակիցները: Օրենքին անթաքույց դեմ են ընտանիքը անձեռնմխելի ամրոց համարող ազգայնականները, ռուսական ազդեցության տակ համարվող խմբերը, որոնք եվրոպական արժեքները նույնականացնում են միասեռ ամուսնությունների, թմրանյութերի և այլ երևույթների հետ:
 
Միջին վիճակագրական հայ ընտանիքում երեխայի նկատմամբ այս բոլոր «պատժամիջոցները» դաստիարակչական նկատառումներով են կիրառվում, միայն նրա լավի համար, որովհետև հայերը, ասում են, երեխաներին պաշտում են և երբեք նրանց չեն վնասի: Կամ կնոջ նկատմամբ բռնությունը համարվում է սիրո արտահայտչամիջոց, որովհետև հայ տղամարդու համար կինը նույնպես սրբություն է, և նա երբեք իր կնոջը չի վնասի, և եթե նույնիսկ նրան ծեծում կամ այլ բռնությունների է ենթարկում, ապա դա պետության գործը չէ, կինն էլ իրավունք ունի իր ամուսնու դեմ ցուցմունք չտալ, հատկապես որ մեծ տարածում ունի նաև այն համոզմունքը, որ կանանց դուր է գալիս իրենց հանդեպ բռնությունների այդ դրսևորումը:  
 
Եթե հանրությունը մեծ սթրեսի մեջ չընկներ սույն օրենքի կապակցությամբ, կողմնակիցների և հակառակորդների բանակները չէին ձևավորվի ելնելով աշխարհաքաղաքական բևեռների նախընտրություններից: Ընտանեկան բռնությունների կանխարգելման օրենքի ջատագովները կլինեին կանայք՝ անկախ նրանց սոցիալական դիրքից, մասնագիտությունից, տարիքից և կրթությունից, իսկ օրենքի ընդունման դեմ արտահայտվողները կլինեին տղամարդիկ՝ կրկին անկախ տարիքից, սոցիալական դիրքից, մասնագիտությունից, աշխատանքից և կրթությունից: Եվ այդ ժամանակ շատ ավելի անկեղծ քննարկում կծավալվեր, թե պե՞տք է արդյոք Հայաստանում այդպիսի օրենք ընդունել, թե՞ ոչ, կամ ո՞րն է հոգեբանական բռնությունը, որը՝ սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, կամ՝ ի վերջո կանայք հաճույք ստանո՞ւմ են նվաստանալիս և ծեծվելիս, թե՞ ոչ: Հարցի էությունը բացահայտելու համար շատ օգտակար կլիներ նաև լսել երեխաների կարծիքը իրենց ընտանիքներում՝ իրենց կամ իրենց մայրերի և  տատիկների նկատմամբ կիրառվող բռնության մասին:
 
Սա կլիներ այն քննարկումը, որ պետք է Հայաստանում: Բայց նման քննարկում, իհարկե, չի ծավալվի, որովհետև «ընտանիքը անառիկ ամրոց է» հավատամքից ելնելով, հայ կանայք բռնություններից հոգեկան և ֆիզիկական խեղումներ ստանալու պարագայում անգամ չեն բարձրաձայնում դրա մասին: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա երեխաները մեր իրականության մեջ չեն ընկալվում որպես անհատներ, ովքեր կարող են իրենց ասելիքն ունենալ նման կարևոր հարցերի վերաբերյալ: Երեխաները ծնողների սեփականությունն են, և ծնողն է որոշում՝ իր երեխայի համար ծե՞ծն է լավ մեթոդ, նվաստացո՞ւմը, անկյուն կանգնեցնե՞լը, թե՞ սենյակում փակելը:
Եթե նման անկեղծ քննարկում ծավալվեր, կարող էինք 8-ամյա աղջնակին հարցնել, որ երբ հայրը նրան գարեջուր չգնելու համար դաժան ծեծի էր ենթարկել, դա նա ընկալել էր որպես իր նկատմամբ մեծ սիրո և պաշտամունքի դրսևորո՞ւմ, թե՞ սովորական հանցագործություն, որը հետք է թողնելու իր ամբողջ կյանքի վրա: Ի դեպ, սա այն  վիճակագրական դեպքերից է, որ հասել է մինչև դատարան և երեխաներին պաշտող հասարակության դատարանը հորը պատժել էր 10 հազար դրամ տուգանք նշանակելով:
 
Կամ երիտասարդ օրիորդին, որի ընտրած երիտասարդն իր պաշտոնավոր հոր սրտով չէր, ինչի արդյունքում օրիորդը ամիսներ շարունակ զրկված էր տանից դուրս գալու իրավունքից, կարող էինք հարցնել՝ դա սոցիալական ծայրահեղ մեկուսացո՞ւմ էր նրա համար, թե՞ ոչ:
 
Շատ կանայք ի վերջո կբացեին գաղտնիքը, թե արդյո՞ք ամուսնու կողմից ծեծի ենթարկվելուց հետո նրանց նկատմամբ ավելի մեծ տենչանք են զգում, թե՞ ոչ: Համարո՞ւմ են արդյոք, որ եթե ծեծում է, ուրեմն սիրում է, թե՞ ամեն դեպքում գտնում են, որ մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի և կնախընտրեին, որ իրենց տղամարդիկ իրենց իսկապես սիրեին, ոչ թե ծեծեին և նվաստացնեին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: