17:15 , 14 ապրիլ, 2013
Երբ այս օրերին լսում եմ «համատիրություն» բառը, քթիս տակ ծիծաղում եմ:
-Եղբայր, դա ի՞նչ բան է,-մտքումս հարցնում եմ ավագանու ընտրություններին մասնակից ուժերին:
Ընտրարշավի մասնակից հարգարժան ուժեր, դուք երբեւէ առնչվե՞լ եք այդ կառույցին: Ավելին` համատիրությունից տուժե՞լ եք...
Իսկ այ, ես, որ կյանքում առաջին եւ վերջին անգամ եմ շփվել համատիրության հետ, բացի վնասից, ոչինչ չեմ ստացել:
Տարիներ առաջ, երբ իմ մի քանի մետրանոց տուն-հյուղակը ուզեցի պատշգամբի հաշվին մի փոքր «ընդարձակել», 300 դոլար պարտք արեցի: Սկսեցինք, պետական մեկ սենյականոց «խրուշչովկայի» պատշգամի պատերը նորից շարել եւ գաջ քսել: Տեսանք, որ շենքը ջրհորդան չունի: Վազեցի համատիրություն, դիմում գրեցի՝ խնդրելով, որ տեղադրեն, քանի որ աշնան շեմին ենք, եւ անձրեւները վնասելու էին այն ամենը, ինչ սկսել էինք «կառուցել»:
Իր գործից բացարձակապես գլուխ չհանող համատիրության նախագահի մոտ եղա էլի մի քանի անգամ: Խոստացավ էսօր-վաղը այդ հարցը լուծել: Անցավ մեկ ամիս, եւ դեռ հարցը լուծված չէր. «Բա դրա համար մաշնա ա պետք, պետք ա բերենք, որ հանենք, դնենք, էդքան փող չկա, տենանք, թաղապետարանին ասել ենք»,-տասներոդ անգամ համատիրության նախագահին փողոցում բռնացնելուց հետո, լսեցի նրանից:
Վազեցի թաղապետարան: Թաղապետն էլ չգիտեմ, համատիրության նախագահի նման խմա՞ծ էր, թե՞ «ուռած»: Լսեց ինձ ու ասաց. «Բա ոնց, հեսա էս շաբաթ էդ հարցը լուծելու ենք»:
Չերկարացնեմ... Ոչ մի ջրհորդան էլ չտեղադրեցին: Անձրեւները «քշեցին տարան» մեր պատշգամբը, այսինքն`այնքան առատորեն լցվեցին մեր տուն, որ ամբողջ գաջը փչացավ-թափվեց: Մի խոսքով, մեր պայմանները ավելի վատացան... Չհաշված ծախսերը, որ ջուրը թափվեց:
Հիմա ո՞ր քաղաքական ուժը կարող է պատասխանել հարցիս` ինչի՞ համար ենք ընդհանրապես վճարում բնակվարձ կոչվածը: Նրա համար, որ պահենք այսպիսի պորտաբույծ համատիրություննե՞ր...
Չմոռանամ ասել` նաեւ այսպիսի կուսակցություններ...