ՄԱԿ-ը կարող է «սև ցուցակում» ընդգրկել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան


18:59 , 6 հոկտեմբեր, 2017

Եմենում «հակաահաբեկչական պայքար» իրականացնող ռազմական կոալիցիան, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան և որի կազմում են ավելի քան մեկ տասնյակ արաբական և մուսուլմանական երկրներ, իր բուն գործառույթներն իրականացնելիս տարաբնույթ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում այնքան հաջողություն չի արձանագրել, որքան մարդասիրական վնաս է հասցրել:

Այսպես, ինչպես նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի գաղտնի զեկույցում, միայն 2016 թ. ընթացքում Ալ-Ռիադի գլխավորած կոալիցիայի գործողությունների հետևանքով Եմենում զոհվել և վիրավորվել է 683 երեխա, ավիահարվածների հետևանքով ավերվել է 38 հիվանդանոց ու դպրոց: Համեմատության համար՝ «Իսլամական պետություն» և «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումների գործունեությունից նույն ժամանակահատվածում զոհվել է ընդամենը 7 երեխա:

Եմենում սաուդների գլխավորած կոալիցիայի գործունեությունից դժգոհում են բոլոր մարդասիրական կազմակերպությունները՝ պահանջելով ՄԱԿ-ին ներառել այդ կոալիցիան Եմենում մարդու իրավունքների հետ կապված «սև ցուցակ» նախագծում: