Այսօր մահացավ ամենագեղեցիկ հայ մարդկանցից մեկը` Արամայիս Միրզախանյանը


16:09 , 13 ապրիլ, 2013

Ինչպիսի հարված... Մահացավ ամենաբարի ու ամենագեղեցիկ հայ մարդկանցից մեկը` Արամայիս Միրզախանյանը, որին մենք՝ ընկերները, կատակով անվանում էինք Տորք Անգեղ: Իրանահայ, ազնվագույն ու խիզախ քաղաքացի, սոցիալիստ եւ հայրենասեր, ով Արցախյան պատերազմի տարիներին բազմաթիվ օգնություն էր բերում Հայրենիք, գիտնական, որ Ստոքհոլմի համալսարանի պրոֆեսոր էր ու Երեւանի Պոլիտեխնիկում իր միջոցներով գիտական կենտրոն էր հիմնել, հսկա արտաքինից եւ անչափ մեծ ու նուրբ հոգով, իսկական հայ ասպետ... Երբեք չեմ մոռանա քեզ, իմ մեծ Ընկեր... 

«Շատ դարեր առաջ հին Հայաստանում
Տորք Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա եւ շատ ահարկու.
Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լույսով,
Սեւ-սեւ ունքերը մութ ամպի նման
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան
Քիթը կորընթարդ, իբրեւ մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունքները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը՝ սարաժայռ, կռները՝ գերան...»