16:01 , 13 ապրիլ, 2013
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում ապրիլի 12-ի հանրահավաքին «Մեր Վահանը` նախագահ» գրությամբ անձրևանոցները պատահականություն էին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Այդ օրը անձրև էր գալիս, և մենք մեզ հետ վերցրինք այդ հին անձրևանոցները, որոնք դեռ մնացել էին: Դա ընդամենը պատահականություն էր», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ռուստամյանը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած շարժմանը` Արմեն Ռուստամյանն ասաց, որ այն ավարտված չէ, բայց պետք է վերաիմաստավորել: «Զարգացումներն իրենց մեջ լուրջ անորոշություն էին պարունակում, շարժումը որպես այդպիսին չձևավորվեց: Ամբողջ խնդիրն այն էր, որ պետք էր խուսափել երկու ճանապարհից, որոնցից մեկը հուսալքության տանող ճանապարհն էր, պետք չէր ամեն ինչ կառուցել «ամեն ինչ և հիմա» տրամաբանության վրա»,-ասաց Ռուստամյանը:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում հետընտրական դաշինք կազմելու հարցին` Ռուսատմյանն ասաց, որ չնայած չձևավորվեց նախընտրական միասնական ճակատ, բայց «պետք է մտածել հետընտրական դաշինք կազմելու մասին»:
Ապրիլի 11-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել էր Մոսկվա: Ապրիլի 12-ին Ազատության հրապարակում դարձյալ հանրահավաք էր կազմակերպվել Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, որին ՀՅԴ-ն եկել էր «Մեր Վահանը` նախագահ» գրությամբ անձրևանոցներով: Հանրահավաքի մասնակիցներն ակնկալում էին Րաֆֆի Հովհաննիսյանից լսել Մոսկվա այցի նպատակի ու ունեցած հանդիպումների մասին մանրամասներ: