«3 օրից ծնունդն էր, ուզում էր, որ իրեն անակնկալ անեինք, բայց ինքը մեզ անակնկալ արեց». ապրիլի 9-ին սպանված երիտասարդի ընկերներ


15:40 , 13 ապրիլ, 2013

 

«3  օրից  ծնունդն  էր, ուզում  էր, որ իրեն անակնկալ  անեինք, բայց  ինքը  մեզ  անակնկալ  արեց». ապրիլի 9-ին սպանված երիտասարդի ընկերներ

Այսօր` ապրիլի 13-ին, ՀՊՏՀ ուսանող Տիգրան Հայրապետյանը կդառնար 19 տարեկան:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր HayNews.am-ը, ապրիլի 9-ին Ազգային գրադարանի մոտակայքում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով դանակի հարվածներից մահացել էր Տիգրան Հայրապետյան անուն-ազգանունով մի երիտասարդ: Մեր հրապարակումից հետո ոստիկանությունից նշված դեպքի առիթով հաղորդեցին, որ ժամը 15.45-ին ոստիկանության թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Հավելենք, որ մեր տեղեկություններով` կռվի մասնակիցները ոստիկանության աշխատակիցներին առաջարկել էին Տիգրանին տանել հիվանդանոց, վերջիններս, սակայն, իբր հրաժարվել են` ասելով, թե շտապօգնությունը թող տանի: 

HayNews.am-ին ՀՊՏՀ ուսանողական խորհրդից տեղեկացրեցին, որ նրա հիշատակին այսօր՝ ժամը 18.00-ին, համալսարանի ուսանողությունը ջահերով երթ է կազմակերպելու ՀՊՏՀ-Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծի պողոտա-Հայրենիք կինոթատրոն-Գարեգին Նժդեհի 16 երթուղով: Նրա մտերիմներն և անգամ նրան հեռվից ճանաչողները փաստեցին` Տիգրանը բարի, նվիրված, խելացի և հավասարակշռված անձնավորություն էր: Թե ինչն է պատճառ հանդիսացել ծեծկռտուքի և դանակահարության, ընկերները պատկերացում չունեն: Ըստ նրանց՝ տարբեր խոսակցություններ կան, այդ թվում, որ Տիգրանը կռվում բաժանողի դերում է եղել: Սպանության հանգամանքները դեռ պետք է պարզվեն, մի բան, սակայն, ակնհայտ է` նա միշտ մնալու է իր ընկերների հուշերում` բարի ժպիտով:

«3 օրից ծնունդն էր, ուզում էր, որ իրեն անակնկալ անեինք, բայց ինքը մեզ անակնկալ արեց…»,- հուզվեցին ընկերները:

Լուսանկարը՝ Անի Խամոյանի ֆեյսբուքյան էջից