14:11 , 13 ապրիլ, 2013
Այս անուն-ազգանունը կարող է շատերին անծանոթ թվալ, չնայած այն բանին, որ սոցիալական ապահովության նախարարին երկրում, չգրված օրենքով, գրեթե բոլորն են ճանաչում: Ժամանակին բոլոր սոցապ նախարարները հայտնվում էին ուշադրության կենտրոնում, նրանց մասին խոսում էին, նրանց քննադատում, երբեմն էլ` դրվատում: Բայց ահա ՀՀԿ-ական այս նախարարի մասին գրեթե լռում են, որովհետև մեկ տարի առաջ նշանակվելով նախարարի պաշտոնում՝ նա այդպես էլ որևէ նշանակալից նախաձեռնությամբ ու աշխատանքով աչքի չի ընկել: Արտեմ Ասատրյանը երևանցի է, 41 տարեկան: 1994-ին ավարտել է Ժողինստիտուտի էկոնոմիկայի պետական կառավարման ֆակուլտետը: 1997-ին էլ ավարտել է ՀՀ կառավարման դպրոցի «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» դասընթացը, ստացել պետական ծառայողի որակավորում: 2000 թվականին ավարտել է ՀՀ կառավարման դպրոցի ասպիրանտուրան, ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Այս ամենը նշանակում է, որ որոշակի նպատակամղվածությամբ գնացել է դեպի կառավարման գաղտնիքների ուսումնասիրությունը, գուցեև նպատակ ունեցել դառնալ կառավարման ոլորտի գիտնական… Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998թ.` աշխատելով որպես ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի` կենսաթոշակային ապահովագրության վարչության նպաստների բաժնի պետ: 1998-2006 թթ. գտնվել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում` որպես կենսաթոշակային ապահովության (2002 թ. հունվարից` սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության) վարչության պետ: 2006-2007 թթ. - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում` որպես «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն: 2007-2011 թթ. եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, 2011 թ. ՀՀ վարչապետի փետրվարի 9-ի որոշմամբ համատեղությամբ նշանակվել է նաև ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար այն բանից հետո, երբ սկիզբ առան աղմկալից պատմությունների բացահայտումները, ու Վազգեն Խաչիկյանը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում: Իհարկե, մինչև այսօր առեղծված է մնում, թե ինչպես է պատահել, որ Խաչիկյանի անմիջական գործընկերը, կենսաթոշակների գլխավոր պատասխանատուներից մեկը զերծ է մնացել այն ամենից, ինչ տեղի է ունեցել այդ համակարգում… Ավելացնենք, որ նախարար Ասատրյանը շատ լավ է արտահայտվում Խաչիկյանի մասին, բարձր գնահատում նրա մարդկային արժանիքները, բայց ահա պաշտոնական գործունեության մեջ ի հայտ եկած ահռելի չափերի հասնող յուրացումների և փոշիացումների մասին լռում է կամ էլ ամեն ինչ վերագրում «հետադարձ կապի մեխանիզմի» բացակայությանը… Թե դա ինչ հետադարձ կապ է, և ինչու է մեխանիզմը բացակայել` հաստատ ինքը պիտի գիտենա, որովհետև այդ կարևորագույն ոլորտն ինքն է կառավարել, ինքն էլ պիտի մշակեր հետադարձ կապի մեխանիզմները: Նշանակում է` չի մշակել…
2011 թ. ՀՀ վարչապետի մարտի 25-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: 2012 թ. հունիսի 16-ից` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Ի դեպ, նշենք, որ մեր թերթը ժամանակին գրել է, որ շուրջ 2 ամիս է՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Արտեմ Ասատրյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Թվում էր` նա պետք է լավատեղյակ լիներ ոլորտից, քանի որ երկար տարիներ այդ համակարգում է եղել, սակայն, «Ժողովուրդ»- ի տեղեկություններով, նրա աշխատանքից արդեն դժգոհություններ կան: Բանն այն է, որ նա առայսօր չի հանդիպել նախարարության մի շարք վարչությունների ու բաժինների պետերի, ինչպես նաև փոխնախարարների հետ: Նույնիսկ կան նախարարությանը ենթարկվող ՊՈԱԿ-ների տնօրեններ, որոնց նախարարը չի տեսել: Արդարացնենք. գուցե վարչության պետ ու փոխնախարար եղած ժամանակ այնքան է բոլորին հանդիպել, որ այլևս հոգնել է նրանց դեմքերից… Արտեմ Ասատրյանն այն եզակի նախարարներից է, ով եղել է նաև փոխնախարար: Սա էլ նշանակում է, որ նրան «աճեցրել» են նախարար նշանակելու համար: Ի տարբերություն շատ պաշտոնյաների՝ Արտեմ Ասատրյանը 1994-1995 թվականներին ծառայել է ազգային բանակում: Ուշագրավ մի հանգամանք, նա իր պաշտոնավարման ողջ ընթացքում սովորել է, ստացել տարբեր դասընթացների հավաստագրեր: Թվարկենք մի քանիսը. 1999 թ. - Իսրայել, International Institute – Histadrut, «Կենսաթոշակային հիմնադրամները շուկայական տնտեսության պայմաններում» դասընթացի հավաստագիր: 1999 թ. - Ավստրիա, Վիեննա, Joint Vienna Institute, OECD, «Կենսաթոշակային քաղաքականություն և կենսաթոշակային բարեփոխումներ» դասընթացի հավաստագիր, 2000 թ. - ԱՄՆ, Քեմբրիջ, Հարվարդի ինստիտուտ, «Կենսաթոշակային համակարգերը ճգնաժամում» դասընթացի հավաստագիր, 2002 թ. - Լեհաստան, Վարշավա, Համաշխարհային բանկի ինստիտուտ, «Կենսաթոշակային բարեփոխումներ. երկրորդ սերունդ և իրականացման հարցեր» դասընթացի հավաստագիր, 2003 թ. - Համաշխարհային բանկի ինստիտուտ, «Տարածաշրջանի երկրների կենսաթոշակային բարեփոխումների հեռանկարները» հեռակա դասընթացի հավաստագիր, 2005 թ. - Բուլղարիա, Սոֆիա «Կենսաթոշակային բարեփոխումներ. Բուլղարիայի փորձը և տարածաշրջանի հեռանկարները» դասընթացի հավաստագիր, 2005 թ. - Շվեդիա, Ստոկհոլմ, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալություն, SIDA, «Կենսաթոշակային բարեփոխում. Երկարաժամկետ որոշումների ընդունում» դասընթացի հավաստագիր (1-ին փուլ)… Մասնագիտական այս և մյուս վերապատրաստումների համար, բնականաբար, վճարել է պետությունը, այլապես հազիվ թե նա կարողանար այսքան երկրում լիներ: Բայց մեզ մեկ այլ հարց է հետաքրքրում. եթե մարդն այսքան դասընթացների է մասնակցել, ե՞րբ է հասցրել աշխատել… Նշենք, որ նշանակվելով նախարարի պաշտոնում՝ Ասատրյանն աշխատանքից ազատել էր Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովների բոլոր վեց նախագահին` նշելով. «Կատարվել են ուսումնասիրություններ, խորքային ստուգումներ և համապատասխան փաստերի վերհանման արդյունքում հանձնաժողովի նախագահներն ազատվել են աշխատանքից: Ազատումները կապված են աշխատողների՝ իրենց գործառույթները ոչ պատշաճ կատարելու հետ»: Բոլորին է հայտնի, որ այս հանձնաժողովներն ամենակոռումպացվածներից են, սրանք են անգամ հաշմանդամություն չունեցող մարդկանց կարգեր շնորհում: Նախարարն աշխատանքից ազատել էր նաև ամենագլխավոր հանձնաժողովի նախագահ Միշա Վանյանին, ով համարվում էր այս նախարարության ամենահայտնի կոռուպցիոները: Զարմանալին այն է, որ փոխնախարար եղած ժամանակ Ասատրյանը երբեք չէր բարձրաձայնել վարչապետի ապօրինությունների մասին, որոնք հետագայում արձանագրվեցին նախագահի Վերահսկողական ծառայության կողմից… Հիշատակենք արձանագրությունից միայն միայն մի փաստ. «Ըստ ստացված տեղեկությունների՝ բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրում են համատարած բնույթ, ընդ որում՝ ռիսկերը հավասարապես առկա են ինչպես բուժհաստատություններում, որտեղ 0-88 ձևը տրամադրելուց պահանջում են 5.000-20.000 դրամ, այնպես էլ ԲՍՓՀ-ներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15.000-35.000 դրամ, իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքերում ԲՍՓՀ դրական որոշման համար՝ 150.000-200.000 դրամ (վերջիններս սակայն՝ մասսայական բնույթ չեն կրում)»:
Իհարկե, նախարարը չէր կարող զբաղվել մարզային և քաղաքային սոցիալական ծառայություններով, քանի որ դրանք հիմնականում գտնվում են ՏԻ մարմինների կառավարման ներքո, բայց ահա նա շարունակեց «մաքրման աշխատանքները», որոնց հետևանքով կենսաթոշակային ծառայությունների համակարգում նոր բացահայտումներ եղան, անգամ կալանավորվեց հայտնի հեռուստալրագրող Նվեր Մնացականյանի եղբայրը, ով երկար տարիներ անձեռնմխելի էր համարվում:
Ուսումնասիրելով Արտեմ Ասատրյանի գույքի և եկամուտների 2011 թ. հայտարարագիրը՝ տեսնում ենք, որ նա և կինը եկամուտներ են ստացել բացառապես աշխատավարձից: Նշանակում է, Ասատրյանին կարելի է դասել աղքատ պաշտոնյաների շարքին, քանի որ նրա ստացած աշխատավարձը հազիվ պիտի բավարարեր չնչին կարիքների բավարարմանը: Սակայն միայն նայելով նախարարի փոփոխվող կոստյումներին՝ հազիվ թե հավատաս հայտարարագրին…
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ-Լևոն Մութաֆյան