Քամուն տրված ևս 400.000 դոլար՝ մեր պանծալի պետական կառույցների կողմից


12:40 , 3 հոկտեմբեր, 2017

Տարիներ առաջ մեծ աղմուկ էր, երբ Տիգրան Սարգսյանի պանծալի կառավարությունը շուրջ 300.000 դոլարով չաշխատող բիոզուգարաններ էր գնել: Սարգսյանի պաշտոնավարման վերջին աչքալուսանքն էլ ազգային բրենդի լոգոն էր, որն արժեցավ ևս 400.000 դոլար ու այդպես էլ, փաստորեն, չկիրառվեց:

Հիշում եմ, որ նոր էին ներկայացրել այս խզմզանքը, կրկին աղմուկ էր բարձրացել, որ դպրոցական երեխայի մակարդակի այս նկարչությունը ոչ մի աղերս չունի հայկականության հետ, պրիմիտիվ է ու անբովանդակ, և որ, հաստատ, շուրջ կես միլիոն դոլար չարժի: Այն ժամանակ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հաստափորները խելացի դեմքերով պատմում էին, որ այդ գումարը ոչ միայն լոգոյի մշակման համար է, այլ՝ դրա փիարի ու առաջխաղացման աշխատանքների ենթադրող ծախսերի:

Եվ այսպես՝ անցավ բավական ժամանակ, ու ի՞նչ է մեզ պատմում լուծարված և այժմ Հայաստանի զարգացման հիմնադրամ վերանվանված չարաբաստիկ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավարությունը: Պարզվում է, որ բրենդը պետք է կիրարկվեր մինչև Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները, բայց որ չհասցրին մինչև դա անել, տենց էլ ստոպ տվեցին, որպեսզի չխանգարեն անմոռուկին: Պարզվում է, որ հենց պետբյուջեից ծախսվել է 62 միլիոն դրամ, այսինքն՝ մոտ 130.000 դոլար, իսկ մնացածը դրամաշնորհներից է ու մի մասն էլ դեռ չեն ծախսել...

Հարցերի հարցը՝ ինչների՞ս է պետք այնպիսի պետական մարմին, որը, պորտաբուծությունից ու պետական միջոցների մսխումից բացի, ոչնչով չի զբաղվում: Ինչո՞ւ հարկատուն պետք է հանդուրժի ինքնահավան бездельник-ների գոյությունն իր հաշվին, նամանավանդ եթե այդ բեզդելնիկները 130.000 դոլարի վնաս կարող են հասցրել ու խելացի դեմքով հիմար կռուտիտներ արել:

Փակել է պետք այս հիմնադրամը, իսկ ազգային բրենդի համար փողերը քամուն տալու համար պատասխանատուների նկատմամբ պետք է վնասի հատուցում սահմանել՝ ընդհուպ մինչև ունեցվածքի բռնագանձում, որպեսզի էլ ոչ մեկի մտքով չանցնի չաշխատող բիոզուգարաններ ու ազգային բրենդներ խուրդել մեզ վրա՝ մեր իսկ փողերով:

Կից նյութն՝ այստեղ։