12:16 , 13 ապրիլ, 2013
Մի նայեք այս խրոխտ նժդեհականի դեմքին: Հիշեցի՞ք․․․
Իմ հիշողության մեջ նա հավերժացավ այն բանից հետո, երբ Հայրիկյանին 20.5 միլիոն դրամ հատկացնելու օրը հայտարարեց լրագրողներին, որ դա մարդասիրության դրսևորում էր․․․
Մեր մեջ ասած, ես նոր ինձ համար բացահայտեցի, որ մեծն մարդասերը ոչ ավել, ոչ պակաս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է:
Ավելին, ինձ համար բացահայտեց, որ Ասատրյանի ալտրուիզմն ու մեցենատությունը Հայրիկյանով չի սահմանափակվում: Կնոջ քույրը՝ Պերճուհի Պետրոսյանն էլ կենսաթոշակային համակարգի իրազեկման եւ հանրային իրազեկման կենտրոնում է աշխատում: Նա այնքան է ուզում օգնել մարդկանց, որ նրանց պաշտոններ է շռայլում իր ենթակայության տակ գտնվող պետհիմնարկներում․․․ Ուղղակի մի քիչ տարօրինակ է, որ մարդասիրության նման դրսևորումը տարածվում է Ասատրյանի բարեկամների վրա․․․
«Ժողովուրդը» գրել է, որ Ասատրյանի աները՝ Լեւոն Պետրոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետի պաշտոնն է զբաղեցնում, իսկ կնոջ քույրը՝ Պերճուհի Պետրոսյանն էլ կենսաթոշակային համակարգի իրազեկման եւ հանրային իրազեկման կենտրոնում է աշխատում...
Ինքը՝ Ասատրյանը, հերքել է սա, բայց չեմ կարծում, որ դժվար է ճշտել, թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը:
Ասում եմ՝ մարդասիրության նման դրսևորումները ոնց որ թե օրինաչափություն են դառնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում․ նախկին նախարար Խաչիկյանն էլ իր գրեթե ողջ բարեկամությունն էլ մտցրել էր Փարոս ծրագրի մեջ ու թեթևի մեջ 200 միլիոն դրամ էր «պարտքով վերցրել» բյուջեից․․․ անկասկած՝ էլի մարդասիրական մղումներից ելնելով: